Категория: Թեմաներ
Дата публикации

Հանդբոլի Զարգացումը Աշխարհում

Հանդբոլի ստեղծման մասին տարաբնույթ խոսակցությունները շատ են: Փաստն այն է, որ 1882-ին Չեխիայում բնակվող դպրոցական տեսուչ Յոժեֆ Կլինկերն աշակերտներին առաջարկել էր նոր խաղ, որը շատ բանով նման էր ժամանակակից հանդբոլին: Նա խաղն անվանել էր Չեսկա խազենա: Հետագայում այդ մարզաձևը տարածվեց Չեխիայում եւ այն ներկայումս էլ այդ երկրում մեծ մասսայականություն է վայելում: Ի դեպ, այդ երկրի հանդբոլի ֆեդերացիան աջակցում է մեր երկրի ներկայացուցիչներին, որպեսզի մարզաձևը զարգանա նաև Հայաստանում:

Ինչեւէ, Կլինկերի այս նորարարությունից 16 տարի անց, 1898-ին Դանիայի Օրդրուպ քաղաքի կանանց ռեալական գիմնազիայի ուսուցիչ Հոլգեր Նիլսենն իր աշակերտներին սովորեցրեց ֆուտբոլին նմանվող նոր խաղ: Նա ամենևին էլ տեղյակ չէր, որ իրենից առաջ այդպիսի փորձ է արել Կլինկերը: Պարզապես, Նիլսենը լսել էր իր կնոջը, ով խորհուրդ էր տվել իրենց տան հարևանությամբ գտնվող մարզադաշտում ֆուտբոլ խաղացող պատանիներին այնպիսի խաղով զբաղեցնել, որի ժամանակ իրենց տան պատուհանների ապակիները չեն զնգա և անվնաս կմնան: Եվ ահա, Կլինկերն էլ նոր խաղ է հորինել`ֆուտբոլի և բասկետբոլի կանոնների համադրությամբ:Եվ քանի որ խաղադաշտում դարպասներ կային, երեխաները, գնդակին ոտքով հարվածելու փոխարեն, այն սկսել են ձեռքով նետել ցանցից ներս: Իհարկե, ինչպես բասկետբոլում, նրանց իրավունք է վերապահվել տեղաշրժվելու ժամանակ գնդակը վարել: Իսկ նոր մարզաձևն անվանվել է հանդբոլ` անգլերեն §հանդ¦ (ձեռք) և §բոլ¦ (գնդակ) բառերից:

Եվ այն տարիներին ոչ մեկի մտքով չէր անցնում, որ երկու մարզաձևերի համադրումից կարող է ստեղծվել նոր մարզաձև, որը հետագայում Դանիայից տարածվելու է ողջ աշխարհում:

Իսկ ահա, հանդբոլը Գերմանիայում հայտնվեց 1917-ին: Այս երկիրը համարվում է §մեծ¦, այսինքն` ֆուտբոլի  մարզադաշտում թիմերից յուքաքանչյուրի կազմում 11-ական խաղացողով անցկացվողհանդբոլի հայրենիքը: Թերևս պատճառն այն է, որ այդ երկրում այս մարզաձևի առաջին առաջնությունն անցկացվել է, այն էլ կանանց թիմերի միջև: Ի դեպ, 1936-ին Գերմանիայի Բեռլին քաղաքում կայացած օլիմպիական խաղերի ծրագրում էր նաև հանդբոլը: Եվ մասնակից 6 տղամարդկանց  թիմերից յուրաքանչյուրի կազմում 11-ական խաղացող էր: Սակայն այս ձևաչափով հանդբոլի մրցումներ օլիմպիական խաղերի ծրագրով կայացան առաջին և վերջին անգամ: 1952-ին հանդբոլը ևս մեկ անգամ փորձեցին ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն անցկացվեցին միայն ցուցադրական մրցումներ: 1938-1966-ի ընթացքում կազմակերպվել է միայն հանդբոլի կանանց 3 և տղամարդկանց 7 աշխարհի առաջնություն (11-ական խաղացողով): Այնպես որ, նախորդ դարի կեսերից սկսած այդ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մարում էր: Մասնավորապես, 1954-ին Շվեդիայում կազմակերպված տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել ընդամենը 4  երկրի հավաքական: Թերևս, այդ է պատճառը, որ մարզաձևում սկսեցին որոնումեր անել, նորամուծություններ կիրառել, որպեսզի այն ավելի դիտարժան դառնա: 1934-ից արդեն սկսել էին  7-ական խաղացողով հանդբոլի հանդիպումներ անցկացնել: Իսկ պաշտոնական առաջին խաղը կայացել էր 1936-ին,  և դանիացի հանդբոլիստները հաղթել էին շվեդներին: Իսկ 1958-ից արդեն սկսվեց տարածվել այն հանդբոլը, որի ժամանակ խաղահրապարակում յուրաքանչյուր թիմի կազմում հանդես է գալիս 7-ական խաղացող: Խաղի տևողությունը 60 րոպե է` երկու կեսով: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ գնդակներ է նետում մրցակցի դարպասը, սակայն չի թույլատրվում նետում կատարողին հակառակորդի դարպասին 6 մ-ից ավելի մոտենալ: Եվ այդ խաղաձևը 1972-ին տեղ գտավ Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված օլիմպիական խաղերի ծրագրում: Այն ժամանակ հարաբերությունները որոշեցին միայն տղամարդկանց հավաքականները: Իսկ 1976-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում կազմակերպված օլիմպիական խաղերում արդեն հանդես էին գալիս ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց թիմեր:

Հավելենք, որ հանդբոլը որպես նոր խաղաձև ճանաչման է արժանացել 1926-ին Հաագայում անցկացված Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի համաժողովում: Իսկ Հանդբոլի միջազգային ֆեդերացիան հիմնվել է 1928-ին Ամստերդամում հրավիրված հանդբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում: Սկզբում այն միավորում էր 11 երկրի այս մարզաձևի ներկայացուցիչների: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1946-ին, Հանդբոլի միջազգային ֆեդերացիան վերակազմավորվել է: Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի այդ համաժողովն անցկացվեց Կոպենհագենում, և  մասնակցեցին 35 երկրների ներկայացուցիչներ: Այժմ կազմակերպության անդամ են շուրջ 150 երկրների հանդբոլիստներ: ԽՍՀՄ-ի ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև Հայաստանը, միջազգային կազմակերպությանը անդամակցել է 1958-ից: Իսկ անկախացումից հետո Հանդբոլի Հայաստանի ֆեդերցիան դարձել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:

 

Հանդբոլի Զարգացումը Հայաստանում

Հայաստանում հանդբոլի մրցումներ անցկացվել են 1922-29-ին, սակայն այս մարզաձևն այդպես էլ չի արմատավորվել: Մեր երկրում հանդբոլի հիմնադիրը համարվում է Մուշեղ Մամիկոնյանը: Նա 1920-ից աշխատել է Հայաստանի մարզական տարբեր կառույցներում, գլխավորել է ՀՀ լուսավորության նախարարության ռազմամարզական վարչությունը, իսկ 1948-ին, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ավարտելուց հետո, Մ. Մամիկոնյանը գործի է անցել այդ բուհում, ղեկավարել մարզական խաղերի ամբիոնը: 1956-ից սկսած մեր երկրում կրկին հանդբոլի առաջնություններ են կազմակերպվել: Իսկ 1957-ից Հայաստանի ներկայցուցիչները պարբերաբար մասնակցել են ԽՍՀՄ առաջնությունների, համամիութենական սպարտակիադաների, տարբեր ստուգատեսների:

Մ. Մամիկոնյանի գլխավորությամբ 1957-ին Հայաստանի հանդբոլիստներն առաջին անգամ դրսում` Վորոնեժում, մասնակցեցին հանդբոլի մրցաշարի: Այն ժամանակ թիմերը խաղում էին 11-ական  մարզիկով: Մեր թիմի կազմում հիմնականում ընդգրկվել էին բասկետբոլիստներ: 1958-ին  Հայաստանի ներկայացուցիչները հանդես եկան Օդեսայում, 1959-ին Բաքվում կազմակերպված համամիութենական ստուգատեսներում: Իսկ 1960-ին առաջին անգամ Երևանում անցկացվեց հանդբոլի ԽՍՀՄ առաջնության փնջային մրցաշար: Հայաստանի ներկայացուցիչներն այնուհետև իրենց կարողություններն են փորձել միջազգային, ԽՍՀՄ տարբեր ստուգատեսներում, սակայն  առանձնակի հաջողությունների չեն հասել: Թերևս , կարելի է առանձնացնել, որ 1962-ին ՈՒկրաինայի Ստանիսլավ քաղաքում կազմակերպված §Սպարտակ¦ համամիութենական  մարզընկերության կենտրոնական խորհրդի առաջնությունում Հայաստանի §Սպարտակ¦ ԿՄԸ հավաքականը զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը:

1968-ին մեր երկրում` Երևանի  §Դինամո¦ մարզասրահում,անցկացվել է հանդբոլիստների միջազգային մրցաշար, որին մասնակցել է նաև Հայաստանի ընտրանին: Միայն 2009-ին` 21 տարի անց, կրկին նույն մարզասրահում կայացավ հանդբոլիստների միջազգային ստուգատես:

Անկախացումից հետո հանդբոլը Հայաստանում լուրջ հիմնախնդիրների է հանդիպել: Խանգարել է ֆինանսների սակավությունը, մարզաբազաների պակասը: Գործնականում Հայաստանում ներկայումս չկա միջազգային չափանիշներին համապատասխանող` 46x26մ չափի մարզարահ, որում հնարավոր լինի միջազգային ստուգատեսներ կազմակերպել: Դահլիճների բացակայության պատճառով, դժվարությունների են հանդիպում ոչ միայն հանդբոլ պարապող տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները, այլև մեր երկրի հավաքական թիմերի մարզիկները:

Վերջին տարիներին` 2003-ից հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան գլխավորում է Սարգիս Գրիգորյանը: Նա նախկինում եղել է հանդբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահը և քաջածանոթ է այն հիմնախնդիրներին, որոնք խոչընդոտում են մեր երկրում հանդբոլի զարգացմանը: Ս. Գրիգորյանը նախկինում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, իսկ այժմ  ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետն է: Նրա գլխավորությամբ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան  նպատակային քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մեր երկրի ներկայացուցիչները սկսել են կանոնավոր մասնակցել §Չելենջ տրոֆի¦ ստուգատեսին, եվրոպական միջազգային տարբեր մրցաշարերի:

 Հանդբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաներն էլ, գնահատելով Հայաստանում կատարվող աշխատանքները, փորձում են ամեն կերպ աջակցել: Օգնություն է իրականացվում տարբեր ծրագրերով, մարզագույք է տրամադրվում, մեր մասնագետները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային սեմինարների, բարելավել իրենց որակավորման մակարդակը և այլն:

Հանդբոլով Հայաստանում այժմ 2000 մարդ է կանոնավոր զբաղվում: Այսուհանդերձ, զգացվում է բարձրակարգ խաղացողների պակաս: Այդ է պատճառը, որ ներկայումս շեշտը հիմնականում դրվել է մանկապատանեկան հանդբոլը Հայաստանում զարգացնելու վրա:

Աշխատանքներն աշխուժացնելու նպատակով հանդբոլի ֆեդերացիաներ են ստեղծվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Գեղարքունիքում, Արցախում: Առաջիկայում նախատեսվում է այդպիսի կազմակերպություններ հիմնել Սյունիքում և Արմավիրում: Իսկ 2011-ին արդեն հանդբոլի ֆեդերացիաներ կգործեն Հայաստանի բոլոր մարզերում և դրանցում կանցկացվեն հանդբոլի ներքին առաջնություններ: Այդ ստուգատեսների ավարտից հետո ամեն մարզ իր հավաքականով կներկայանա մասնակցելու Հայաստանի առաջնությանը, իսկ Երևանից հանդես կգա 2 թիմ:

Ինչպես 2009-ին, այնպես էլ 2010-ին հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով ստանալու է 18 մլն դրամ: Մասնավորապես, 2009-ին այս մարզաձևի ներկայացուցիչները 22 միջացառման են մանակցել: Իսկ այդ ամենի համար  պահանջվել էր 42 մլն դրամ, այսինքն տրամադրվածից շատ ավելի է ծախսվել: Այնպես որ, հայկական հանդբոլի զարգացման համար ներդրումերի կատարումը մնում է օրակարգային:

2010-ին մեր այս մարզաձևի ներկայացուցիչներին լուրջ փորձություններ են սպասում: Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը մարտին Իսրայելում հանդես է գալու §Չելենջ տրոֆի¦ մրցաշարում, իսկ մինչև 18 տարեկան հանդբոլիստների մեր ընտրանին մայիսին Սերբիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնության փնջային մրցաշարի: Որպեսզի մերոնք պատվով դուրս գան այդ փորձություններից, աշխատանքներ են կատարվում, որ Հայաստանի հավաքական թիմերի կազմերն ուժեղացնեն Ֆրանսիայից հրավիրված` մեր հայրենակից մի շարք բարձրակարգ հանդբոլիստուհիներ և հանդբոլիստներ:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մեր երկրի անկախացումից հետո

 

1992-ին հիմնվել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան:

1992-ին այն անդամագրվել է Հանդբոլի միջազգային ֆդերացիային:


1992-2000-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը.

նախագահ`Լեոնիդ Գասպարյան

փոխնախագահ` Մարկ Մելիքյան

գլխավոր քարտուղար`Հարություն Մելքոնյան


2000-2002-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը.

նախագահ` Հարություն Մելքոնյան

փոխնախագահ`Մարկ Մելիքյան

գլխավոր քարտուղար` Արսեն Մխիթարյան


2002-2008-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը.

նախագահ` Սարգիս Գրիգորյան

փոխնախագահ` Հարություն Մելքոնյան

գլխավոր քարտուղար` Արսեն Մխիթարյան


2009-2010-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը.

նախագահ` Սարգիս Գրիգորյան

փոխնախագահ`Հարություն Մելքոնյան

գլխավոր քարտուղար` Էրիկ Արևշատյան


2010-ից գլխավոր քարտուղար ` Աննա Մելքոնյան

2010-ից փոխնախագահ` Արսեն Հակոբյան 

 

Wednesday the 16th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am