Ցավոք, խաղային մարզաձեւերից Հայաստանը միջազգային ասպարեզում չի կարողանում մեդալներ նվաճել կամ էլ դառնալ ինչ-որ մրցաշարի հաղթող: Իսկ կան մարզաձեւեր, որոնք պարզապես գոյատեւում են ու բավարարվում միայն Հայաստանի առաջնություն անցկացնելով:

Խորհրդային Միության տարիներին Հայաստանը լուրջ մրցակցություն է ծավալել հանդբոլ մարզաձեւից, սակայն այսօր այն մեր երկրում մնացել է սիրողական մակարդակի վրա:

Mediamax Sport-ն իր «Սպորտի հաառակ կողմըե նախագծի այս հոդվածում ներկայացնում է հայկական հանդբոլի խնդիրներն ու փոքրիկ ձեռքբերումները: Մենք զրուցել ենք ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի, մարզիչ Արմինե Անտոնյանի ու մրցավար Ալեքսանդր Արեւշատյանի հետ:



Երբ չկա ներդրում, չկա պրոֆեսիոնալ խաղ, հետեւաբար, կա պարտություն

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան պետական բյուջեից տարեկան ստանում է 18 մլն դրամ: Այս գումարը բավարարում է ՀՀ առաջնությունների կազմակերպմանն ու միջազգային մրցաշարերի մասնակցությանը: Իսկ ընդհանուր առմամբ, ֆեդերացիան տարեկան ծախսում է 30-45 մլն դրամ:

«Մնացած գումարը մենք հայթայթում ենք տարբեր տեղերից, հովանավորներից: Մեր հիմնական խնդիրը հենց գումարի քչությունն է, երբ չկա ներդրում, չկա պրոֆեսիոնալ խաղ, հետեւաբար, կա պարտություն: Իսկապես, մեր երկրում պրոֆեսիոնալ հանդբոլ չկա, այս պահին մեր նպատակն է մասսայականացնել մեր մարզաձեւըե,- ասում է ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Հանդբոլի արտասահմանյան թիմերը տարեկան անցկացնում են ավելի քան 60 խաղ, հայաստանյան թիմերը ելույթ են ունենում 1 կամ 2 մրցաշարում, ինչպես նաեւ Հայաստանի առաջնությունում: Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները հիմնականում Վրաստանում են մասնակցում մրցաշարերի, քանի որ սա միակ երկիրն է, որտեղ մեկնելու ու նաեւ այդքան ժամանակ ապրելու համար քիչ գումար է հարկավոր լինում:

«Գիտեք՝ ինչն է ցավալին. հաճախ ինձ ասում են՝ ի՞նչ իմաստ կա միջազգային խաղերի մասնակցել, եթե պարտվելու եք: Պատկերացնո՞ւմ եք, ոչ միայն չեն օգնում, որպեսզի մեր երիտասարդները միջազգային խաղերի մասնակցեն, փորձ ձեռք բերեն, այլեւ նման միտք են արտահայտում»,- նշում է Գրիգորյանը:

Ֆեդերացիայի նախագահը հայկական հանդբոլի երկրորդ խնդիրն է համարում մարզիչների բացակայությունը: Նրա խոսքով, պատանիների մարզիչների պակաս մեր երկիրը չունի, բայց արդեն մեծահասակների հետ աշխատելիս առաջ է գալիս մասնագետների խնդիր: Այդ հարցի լուծումը կարող է լինել արտասահմանից բարձրակարգ մասնագետ հրավիրելը, սակայն այդ քայլին չեն կարող դիմել կրկին գումար չունենալու պատճառով:



Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանդբոլը դրվի պրոֆեսիոնալ մակարդակի վրա

Արմինե Անտոնյանն երկար տարիներ եղել է Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, այժմ նա գլխավորում է մինչեւ 16 տարեկան տղաների հավաքականը:

«Երբ հետ եմ նայում ու հիշում եմ այն ժամանակները, երբ ես էի խաղում, նկատում եմ, որ վիճակն անհամեմատ լավացել է, ավելացել է թիմերի քանակը, Հայաստանի առաջնության մակարդակը համեմատաբար բարձրացել է: Սակայն էլի կան բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր: Բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանդբոլը Հայաստանում դրվի պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Իսկ դա կարող է լինել, եթե մենք ունենաք ակումբներ»,- նշեց մարզիչը:

Պրոֆեսիոնալ ակումբ չունենալն էլ հենց երրորդ խնդիրն է, իսկ այդպիսի ակումբ (ուր մնաց թե ակումբներ) պահելը շատ լուրջ գումարներ ու աշխատանք է պահանջում: Եթե որպես օրինակ բերենք կրկին Եվրոպայում գործող հանդբոլի ակումբները, ապա պետք է նշենք, որ այնտեղ խաղացողը մեկ խաղի համար ստանում է մոտավորապես 6000 եվրո:

«Ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ. մեր տղաները մեծանում են, բանակից հետ են գալիս ու սկսում են աշխատել: Նույն վիճակն է նաեւ աղջիկների մոտ՝ կամ ամուսնանում են, կամ աշխատում: Մարդիկ չեն կարողանում շաբաթը 4 անգամ գալ մարզումների, ժամանակ չունեն: Պրոֆեսիոնալ լինելու համար պետք է ամբողջ օրը նվիրվել սպորտին: Իսկ մեր երեխաների մեջ շատ լավերը կան, որոնք, կրկնում եմ, մեծանալով՝ թողնում են հանդբոլը»,- ավելացրեց ֆեդերացիայի նախագահը:

Ըստ Արմինե Անտոնյանի, միջազգային ասպարեզում կկարողանանք նախ մրցակցել, ապա նաեւ բարձր արդյունքներ գրանցել միայն հենց ակումբներ ունենալու դեպքում: Իսկ քանի դեռ այս հարցերը լուծված չեն, դժվար թե հայկական հանդբոլը մոտ ժամանակներս կարողանա մրցակցություն ծավալել այլ երկրների հետ:



Եվրոպական ֆեդերացիայի նվիրած դահլիճի հատակն այդպես էլ չհասավ Հայաստան

Ցավալի է, բայց Հայաստանում չկա միջազգային ստանդարտներին համապատասխանող գոնե մեկ դահլիճ: Հայ հանդբոլիստները մարզվում են փոքր դահիճում, իսկ երբ մեկնում են միջազգային հանդիպման ու սկսում են խաղալ մեծ դահլիճում, կանգնում են տխուր փաստի առաջ:

Ըստ Սարգիս Գրիգորյանի, ինքն այս հարցը մի քանի անգամ բարձրաձայնել է ՀՀ կառավարությունում, սակայն անարդյունք: Նա օրինակ է բերում հարեւան Վրաստանը, որն այդպիսի մեկ դահլիճ ունի, չորսն էլ կառուցվում են, արդյունքում մեր հարեւան երկիրն արդեն 2017 թվականին ընդունելու է աշխարհի պատանեկան առաջնությունը:

«Հանդբոլի եվրոպական ֆեդերացիան մեզ նվիրեց հանդբոլի դահլիճի լավագույն հատակը, որն արժե 120 հազար եվրո: Սակայն մենք դահլիճ չունենք, որ տեղափոխեինք Հայաստան, նրանք ստիպված ուրիշ երկրի տվեցին: Շատ տխուր է իրականում, բայց նրանք մեզ խոստացան, որ երբ Հայաստանն ունենա գոնե մեկ դահլիճ, նորից կքննարկեն մեզ հատակ տրամադրելու որոշումը»,- նկատեց Գրիգորյանը:

Մարզիչ Արմինե Անտոնյանն էլ նշում է, որ, չնայած այս խնդիրներին, իրենք շարունակում են մարզվել, թեկուզ եւ ոչ միջազգային դահլիճներում: Նրա խոսքերով, մարզումները տեղի են ունենում սպորտդպրոցներում, իսկ երբ հավաքական է կազմվում, ֆեդերացիան տրամադրում է դահլիճ, ու սկսում են թիմով այնտեղ մարզվել:



Պետությունը գիշերավարձի համար պատանի մարզիկներին տրամադրում է 1200 դրամ

Մեկ այլ խնդիր էլ առաջանում է, երբ Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար թիմերը մարզերից գալիս են Երեւան: Մեկ օր ապրելու համար պետությունը պատանի մարզիկներին տրամադրում է 1200 դրամ գիշերավարձ ու 2000 դրամ էլ սնվելու համար:

Ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ ֆինանսների նախարարությունը պետք է որ տեղյակ լինի, թե ինչ արժե մեր հյուրանոցներում մեկ օր ապրելը կամ էլ ուտելիքը. «Մեր օրերում 2000 դրամով ո՞վ կարող է օրը 3 անգամ հաց ուտել, մանավանդ մարզիկները: Մենք փնտրում ենք համեմատաբար էժան կացարաններ, որ երեխաները կարողանան մրցումների օրերին ապրել այստեղ: Այս ծախսերը հոգում է կամ ֆեդերացիան, կամ էլ սպորտդպրոցը»:



Հայաստանում հանդբոլը զարգացած է հավասարաչափ, ու մարզվում է շուրջ 2000 հուգի

Չնայած առկա բոլոր խնդիրներին ու դժվարություններին, թեկուզ եւ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, բայց Հայաստանում շարունակում է գործել հանդբոլ մարզաձեւը, որով հետաքրքրվում են տարբեր պատանիներ ու աղջիկներ: Այսօր մեր երկրում մարզվում են ավելի քան 2000 հանդբոլիստներ, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում ու Արցախում: Հայաստանի հանդբոլի նվիրյալներն անում են ամեն ինչ, որպեսզի այս մարզաձեւը մեր երկրում չվերանա:

Մեր զրուցակիցները նշում են, որ մեծացել է աշխարհագրությունը: Հանդբոլը հատկապես զարգացած է Լոռվա մարզում, որտեղ այնքան լավ ու շատ թիմեր կան, որ կազմակերպվում է անհատական առաջնություն: Հանդբոլը զարգացած է նաեւ Արցախում, Սյունիքում, Հրազդանում, Դիլիջանում ու Արմավիրում:

Ըստ Արմինե Անտոնյանի, հավասարաչափ զարգացած լինելն էլ նպաստում է, որպեսզի ազգային հավաքականները կազմված լինեն տարբեր քաղաքներից հրավիրված հանդբոլիստներից:

«Ես երկար տարիներ վարում եմ Հայաստանի առաջնությունները: Պետք է խոստովանեմ, որ հիմա համեմատաբար ավելի լավ վիճակ է: Նախկինում միայն երկրի առաջնություններին էին մասնակցում մեր հանդբոլիստները, իսկ հիմա թե աղջիկներն ու թե տղաները նաեւ միջազգային մրցումների են գնում»,- ասաց մրցավար Ալեքսանդր Արեւշատյանը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան երրորդ տարին անընդմեջ համագործակցում է
միջազգային «Սմարթ» ծրագիրի հետ, որի նպատակն է դպրոցներում զարգացնել մանկապատանեկան հանդբոլը: «Սմարթը» տրամադրում է գնդակներ, մարզագույք, մասնագիտական գրականություն, կազմակերպում սեմինարներ:

«Մենք մասնակցում ենք տարբեր սեմինարների, Հայաստան են գալիս մասնագետներ, ովքեր էլ մեզ ներկայացնում են այն նորությունները, որոնց ենթարկվում է մեր մարզաձեւը: Մենք էլ միշտ փորձում ենք հետեւել աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին, կարդալ տարբեր մասնագիտական գրքեր, որպեսզի հետ չմնանքշ,- նշում է Արմինե Անտոնյանը:



Սեմինարների մասնակցում են նաեւ հայ մրցավարները: Բացի տեսական մասից, նրանք նաեւ գործնական են անում ու վարում Հայաստանի տարբեր տարիքայինների առաջնություններ:

«Այս ամենը շատ է օգնում մեզ, բայց, ցավոք, մենք դեռ միջազգային կարգի մրցավար չունենք: Հայաստանից կա միայն կոմիսար՝ Արսեն Մխիթարյանը, որը սպասարկում է դրսի խաղեր, իսկ ահա դաշտի մրցավարներ դեռ չունենք: Սակայն հիմա մենք պատրաստում ենք երկու երիտասարդի՝ աղջիկ ու տղա, որպեսզի ներկայացնենք միջազգային սեմինարի, ու նրանք ստանան միջազգային մրցավարի կոչում»,- շեշտեց մրցավար Արեւշատյանը:

Հայաստանում, փաստորեն, հանդբոլիստները մարզվում են մինչեւ 18 տարեկանը,  որից հետո անցնում են աշխատանքի: Սակայն անկախ տարբեր խնդիրներից, ֆեդերացիան շարունակում է աշխատանքներ տանել ու մեր երկրում քարոզել առողջ ապրելակերպը: Եվ, ինչպես նշում է Սարգիս Գրիգորյանը, այս պահին իրենց գործառույթը հանդբոլը պահպանելն է, ինչը ստացվում է, իսկ դրանից ավել պահանջելն այսպիսի պայմաններում անիմաստ է:

                                                                    Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
                                                                    Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

                                                                                     29.05.14

Tuesday the 16th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am