Նորություններ

Արդյունավետ հանդիպում

Հուլիսի 25-ին Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Աշոտ Ղազարյանը և Գյումրու մարզադպրոցի տնօրեն Սաշա Կիրակոսյանը։ Հանդիպման նպատակը մեկն էր, գտնել հնարավոր համագործակցության ծրագրերը, հանրապետության 2-րդ քաղաքում վերականգնել վաղեմի ավանդույթները` կապված հանդբոլ մարզաձևի հետ։

Գյումրու քաղաքապետը քաջատեղյակ լինելով հանդբոլի վաղեմի հաջողություններին, ինքն էլ ժամանակին` ուսանողական տարիներին բազմիցս մասնակցել է ուսանողական առաջնություններին,  սիրով ընդունեց ֆեդերացիայի նախագահի առաջարկությունները` կապված մարզաձևի հետագա վիճակը բարելավելու ուղղությամբ։ Մասնավորապես ֆեդերացիայի նախագահի կողմից առաջարկվեց մարզադպրոցին տրամադրել ևս մեկ հաստիք(ներկայումս մարզադպրոցում աշխատում է մեկ մարզիչ` Ալվարդ Գրիգորյանը)` հետագայում հանրապետական առաջնություններին բոլոր տարիքային խմբերով (պատանիներ և աղջիկներ) մասնակցելու համար։ Հանդիպման ընթացքում եղավ նաև քաղաքապետին առաջարկ, հանդբոլի վետերան, մարզադպրոցի նախկին տնօրեն ՀՀ վաստակավոր մարզիչ  Հենրիկ Նազարյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրել քաղաքապետարանի ոսկե մեդալով, որն ընդունվեց պարոն Բալասանյանի կողմից։ Եղավ նաև առաջարկ երկու շահագրգիռ կողմերին գտնել հովանավորներ, որոնք իրենց աջակցությունը կունենան Գյումրիում հետագա վիճակը բարելավելու ուղղությամբ։ Առաջարկություն եղավ նաև մեծ ուշադրություն դարձնել հանրակրթական դպրոցներում պետական ծրագրով նախատեսված հանդբոլի դասերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար, ինչպես նաև Շիրակի համալսարանում վերականգնել հանդբոլի մարզիչների պատրաստումը և ցանկացողներին գործուղել Երևան` Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում ուսումը շարունակել մագիստրատուրայում <<հանդբոլ>> մասնագիտությամբ` հետագայում մարզչական պակասը լրացնելու համար։ Առաջարկություն եղավ նաև ուսուցիչներ գործուղել Երևան`մասնակցելու Եվրոպայի և միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող  սեմինար-պարապմունքներին, որոնք կստանան համապատասխան հավաստագրեր, հետագայում իրավունք ունենալով որպես հանդբոլի մարզիչներ աշխատելու համար։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Սամվել Բալասանյանին ջերմ և արդյունավետ հանդիպման համար, նախագահության անդամները այցելեցին նաև Գյումրու մարզադպրոց, որտեղ ծանոթացան մարզադահլիճի ներկայիս վիճակին և հույս հայտնեցին, որ հաջորդ տարի պարտադիր կանցկացնեն հանրապետության որևիցե մի առաջնություն Գյումրիում։

Ֆեդերացիայի նախագահության անդամները դատարկաձեռն չէին գնացել Գյումրի։ Ինչպես մարզադպրոցին, այնպես էլ մի քանի հանրակրթական դպրոցներին տրամադրվեցին գնդակներ և դարպասի ցանցեր։

 Վերջում ավելացնենք, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու հանրապետության բոլոր մարզերում, ինչը մեծ խթան կհանդիսանա հանդբոլի մասսայականություն ապահովելու գործում։

Tuesday the 15th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am