Նորություններ
ԸՆԿԵՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ
Հայաստանում կես դարից ավելի պատմություն ունի ժամանակակից հանդբոլ մարզաձևը, որի հիմնադիրներից և երախտավորներից է հանդիսանում Հայաստանի վաստակավոր մարզիչ, Լենինական քաղաքում հանդբոլ մարզաձևի հիմնադիրներից մեկը` Հենրիկ Նազարյանը:
Չնայած պատկառելի տարիքին` վերջերս է լրացել նրա ծննդյան 80-ամյակը, նա մեծ ոգևորությամբ, երիտասարդին հատուկ նախաձեռնությամբ, շարունակում է իրեն առաքելությունը հանդբոլի զարգացման գործում: Նա երիտասարդ տարիքում եղել է առաջատար մարզիկ և երկար տարիներ իր թիմակիցների հետ հանրապետական և համամիութենական մրցաշարերում պատվով պաշտպանել է մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը:
Հենրիկ Նազարյանը մի ամբողջ կյանք անմնացորդ նվիրվել է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին: Մանկավարժական և մարդկային բարձր որակների, վաստակած փորձի ու հմտության, իր իսկ նկատմամբ խստապահանջության շնորհիվ նա այսօր էլ վայելում է իր նախկին կոլեկտիվի անդամների, բազմաքանակ հանդբոլիստների և նրանց ծնողների սերն ու հարգանքը:
Որպես ղեկավար Հենրիկ Նազարյանը եղել է շրջահայաց, ակտիվ նախաձեռնող ու կազմակերպիչ, որպես մարզիչ` պահանջկոտ, կարգ ու կանոնի մարդ, որպես ծնող և ընկեր` անշահախնդիր, անբասիր:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան շնորհավորում է Հենրիկ Նազարյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և ակնկալում սերտ համագործակցություն, ինչու չէ նաև մեթոդական օգնություն, ինչպես Գյումրու, այնպես էլ ՀՀ հավաքական թիմերին, ունեցած գիտելիքներն ու փորձը ի օգուտ հանդբոլի զարգացման ներդնելու համար:
Եվ որպես վերջաբան, բոլոր հանդբոլիստների մեծագույն ցանկությունն է, որ լինես առողջ ու միշտ շրջապատված լինես քո սաներով, թոռնիկներով և ընկերներով: