Նորություններ

Փորձություն Ավետյաց երկրում


Հանդբոլիստուհիների Հայաստանի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում Ավետյաց երկրում: Մեր ընտրանին մարտի 18-21-ը Իսրայելում մասնակցելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին: Այս ստուգատեսում հանդես են գալու Իսրայելի, Կիպրոսի,Մալթայի, Հայաստանի հավաքականները:


Արդեն մեկ ամիս է` մարզուհիները նպատակադիր պարապմունքներ են անցկացնում: Հանդբոլի Հայաստանի հավաքական թիմերի պատասխանատու Արսեն Հակոբյանը վստահեցրեց, որ բոլոր պայմանները ստեղծված են նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդբոլիստուհիների տրամադրության տակ են մայրաքաղաքի Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնի, Ջոն Կիրակոսյանի անվան հանրակրթական դպրոցի, Արաբկիրի համայնքի համալիր մարզադպրոցի դահլիճները:

Մրցաշրջանի սկզբին մրցափորձի պակասը լրացնելու համար հանդբոլիստուհիները ստուգողական հանդիպումներ են անցկացնում Հայաստանի պատանեկան (մինչեւ 18 տարեկանների) հավաքականի հետ, որն էլ իր հերթին նախապատրաստվում է մայիսին Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:

Եթե Հայաստանի մարզուհիների հավաքականը հիմնականում համալրված է երեւանցի խաղացողներով, ապա պատանեկան հավաքականի կորիզն են կազմում վանաձորցիները: Այդ է պատճառը, որ ընկերական հանդիպումներ անցկացնելու համար Հայաստանի կանանց հավաքականը Վանաձոր է գնում, իսկ վանաձորցիներն էլ Երեւան են գալիս: Ընդ որում, այդ նպատակով հիմնականում օգտագործվում են հանգստյան օրերը:

Վերջին փորձամրցումը կայացավ հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում: Ճիշտ է, այն իր չափերով չի համապատասխանում միջազգային չափանիշներին (20x 40 մ), նախատեսվածից չնչին փոքր է, սակայն մարզիչները եւ խաղացողները դրանից դժգոհելու առիթ չունեն, քանի որ Հայաստանում հանդբոլի այդպիսի դահլիճ գոյություն չունի:

Ինչեւէ, փաստորեն, վերջին տարիներին առաջին անգամ է, որ միջազգային ստուգատեսների նախապատրաստվող մեր թիմերը լիարժեք պայմաններում են մարզումներ անցկացնում: Ինչ վերաբերում է երկկողմանի խաղին, ապա այն լարված բնույթ կրեց, եւ մեկ միավորի տարբերությամբ առավելության հասան հանդբոլիստուհիները: Հակոբյանը հայտնեց, որ երկու թիմերն էլ համալրվելու են Ֆրանսիայում հանդես եկող մեր հայրենակիցներով եւ դրանից հետո մարտունակ թիմեր կդառնան:
 


Խաղից հետո հավաքականների մարզիչներն ահա թե ինչ ասացին.
ԱՍՏՂԻԿ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ (կանանց Հայաստանի հավաքականի խաղացող մարզիչ).- Կարելի է ասել, որ հավաքականը 80 տոկոսով պատրաստ է մրցաշարին: Թիմի կազմը համալրելու են Ֆրանսիայում հանդես եկող մեր 4 հայրենակցուհիներ: Նրանցից բարձրակարգ է հատկապես դարպասապահը` Մարին, որը խաղացել է Ֆրանսիայի պատանեկան հավաքականում: Նա ներկայումս 21 տարեկան է: Հարձակման գծի ձախ անկյան փորձառու խաղացող է Նաթալին:

Վերջերս, երբ Ֆրանսիայում էինք, այս երկու մարզուհիների խաղը դիտել ենք, իսկ մյուս մարզուհիներին երաշխավորել են Ֆրանսիայում աշխատող մեր գործընկերները: Թիմը կարիք ունի հարձակման աջ անկյան եւ հետեւի գծի մեկական լավ խաղացողների: Կարծում եմ, մեր հայրենակցուհիներն այդ բացերը կլրացնեն: Իսկ ես հանդես կգամ նաեւ որպես փոխարինող դարպասապահ: Մեր թիմը երիտասարդական կազմ ունի` 17-26 տարեկան խաղացողներ: Հավաքականի հնաբնակներից, ինձանից բացի, խաղալու է նաեւ Գայանե Միքայելյանը: Ես դասավանդում եմ ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եւ հավաքականի խաղացողների մեծ մասն էլ մեր բուհի ուսանողուհիներ են: 4 մարզուհի Շենգավիթի համայնքի թիվ 1 մարզադպրոցից են: Իսկ Թամար Պետրոսյանը ներկայացնում է Արցախը:

Մեր խաղացողները բարձրահասակ չեն: Հայաստանի հավաքականի միջին հասակը 172 սմ է: Մեր հանդբոլիստուհիներից ամենաբարձրահասակը 175 սմ է: Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիներն էլ բարձրահասակ չեն: Օրինակ` Մարիի հասակը 176 սմ է: Առաջին անգամ ենք փորձում միասնական հավաքականով հանդես գալ: Վաստահ եմ, որ մեր հավաքականի կազմն ուժեղ կլինի: Ի դեպ, 2006-ին մենք հանդես ենք եկել Բոսնիայում կազմակերպված այս մրցաշարում եւ 5 թիմերի պայքարում գրավել էինք 3-րդ տեղը: Հույս ունենք, որ այս անգամ ավելի բարձր արդյունք ցույց կտանք: Հավելեմ, որ խմբից պայքարը շարունակելու է միայն առաջին տեղը գրաված հավաքականը:

Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա, ամենայն հավանականությամբ, ամենաուժեղը կլինի Իսրայելի հավաքականը: Նախկինում` 2006-ին, Բոսնիայում մրցել ենք Կիպրոսի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում հավասար արդյունք էր գրանցվել, եւ միայն խաղավերջում էինք զիջել մրցակցին: Իսկ Մալթայի հավաքականը մեզ անծանոթ է: Հայաստանի հավաքականը պարապմունքներն անցկացնելու հարցում խնդիրներ չունի: Մինչեւ մրցաշարի մեկնարկը նախատեսվում է անցկացնել 12-օրյա ուսումնամարզական հավաք: Ապա կմեկնենք Թբիլիսի, այնտեղից էլ կուղեւորվենք մրցավայր:

ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ (պատանիների Հայաստանի հավաքականի մարզիչ).- Ինքս Վանաձորից եմ, սակայն ինձ օգնում է երեւանցի իմ գործընկեր Զեփյուռ Վանեսյանը: Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 7-ական ներկայացուցիչներ են Երեւանից, Վանաձորից, 2 մարզիկ` Գյումրիից: Դա մի փոքր դժվարացնում է աշխատանքը, բայց առանց այդ ամենի հաղթահարման` հնարավոր չէ արդյունքի հասնել: Շաբաթվա տարբեր օրերին վանաձորցիների հետ ես պարապում եմ Վանաձորում, Վանեսյանը Երեւանում է մարզումներ անցկացնում, իսկ գյումրեցիների հետ պարապում է Ալվարդ Գրիգորյանը: Հանգստյան օրերին հավաքականի անդամները համատեղ են մարզվում Երեւանում կամ Վանաձորում: Հավաքականն ապահովված է մարզագույքով, հանդերձանքով, գնդակներով:

Ներկայիս փուլի համար նախապատրաստական վիճակը բավարար է: Թիմը մեծ ներուժ ունի, քանի որ վերջերս այն Վրաստանում կազմակերպված միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը: Սակայն հավաքականի խաղացողների մեծ մասը 16 տարեկան է, մինչդեռ, Եվրոպայի առաջնությունում խաղալու են մինչեւ 18 տարեկան հանդբոլիստներ: Սկսած դարպասապահից` թիմի բոլոր օղակներն էլ համալրման կարիք ունեն: Եթե Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների թվում լավ խաղացողներ լինեն, կկարողանանք պատվով դուրս գալ այդ փորձությունից: Իսկ մեր մրցակիցներն են լինելու Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի հավաքականները: Խնդիր ենք դնելու առնվազն խմբում զբաղեցնել 3-րդ տեղը:

 

 

 

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am