Նորություններ

Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստ` Կոնգրես հյուրանոցում

Փետրվարի 6-ին Երևանի  §Կոնգրես¦ Հյուրանոցում կայացավ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ընդլայնված նիստը:Այն անցավ գործնական մթնոլորտում: Հաշվետվություն տրվեց կատարված աշխատանքի մասին,տեղեկացվեց նոր մրցաշրջանում Հայաստանի առաջնությունների կազմակերպման, հանդբոլը մեր երկրում զարգացնելու կոչված հայ-ֆրանսիական համատեղ պայմանագրի մասին, հաստատվեց 2010-ի միջոցառումների պլանը: Տեղեկատվությամբ հանդես եկան հանդբոլի Հայաստանի և Արցախի  մարզերի ֆեդերացիաների նախագահները, եվրոպական մրցաշարերին նախապատրաստվող Հայաստանի կանանց և մինչև 18 տարեկան պատանիների հավաքականների մարզիչները, քննարկվեցին մարզիչների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման և մի շարք այլ հարցեր:

 

Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հաշվետվությունը


 Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը, հանդես գալով հաշվետվությամբ, մասնավորապես ասաց.

- Ինչպես նախորդ տարի, 2010-ին ևս հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով ստացել է 18 մլն դրամ: Մարզաձևը զարգացնելու համար այս ֆինանսներն աղքատիկ են, առավելևս մի մարզաձևի համար, որն օլիմպիական խաղերի ծրագրում է: Այդ միջոցներով հնարավոր չէ շատ բան անել: Եվ մեր խնդիրը պետք լինի ֆինանսներ հայթայթել նախատեսված մարզական միջոցառումներն անխափան իրականացնելու համար:

Ներկայումս հանդբոլի կենտրոնների մեծ մասը Երևանում է, բնակչության թիվն էլ մայրաքաղաքում շատ է, սակայն երբ փորձում ենք խորանալ, թե ինչ է արվում մայրաքաղաքում, հավաքականի քանի խաղացող է այստեղից, մրցաշարերում ինչպիսի տեղեր են զբաղեցնում երևանցի հանդբոլիստները, ուրախանալու ոչ մի առիթ չկա: Հետաքրքիր է, թե իրենից ինչ է ներկայացնում հանդբոլի Երևանի առաջնությունը, արդյոք այն ծառայում է իր նպատակին: Հաջորդ տարվանից անցկացվելու են հանդբոլի Հայաստանի մարզերի առաջնություններ, ապա հաղթողները հանդես են գալու Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլում: Ընդ որում, այս ստուգատեսին Երևանը պետք մասնակցի ոչ թե մեկ, այլ երկու թիմով: Եվ այս տարի պետք է այնպես արվի, որ հանդբոլի Երևանի նորմալ առաջնություն կազմակերպվի, հիմքեր ստեղծվեն հաջորդ տարի այդ ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջ պետք է տրվի մայրաքաղաքի առաջնությունները ձևականորեն անցկացնելու արատավոր գործելաոճին: Այս ամենին անտարբեր վերաբերվելուց է, որ  ներկայումս  մարզադպրոցները հայտնվել են խղճուկ վիճակում: Հայտնի չէ, թե ուր են գնում մարզօջախների սաները: Օբյեկտիվորեն պետք է  խոստովանել, որ կան խանգարող հանգամանքներ, անհարժեշտ է բարեփոխումներ իրականացնել, բարձրացնել մարզիչների վարձատրության չափը: Հնարավոր չէ , որ մարզիչը 20 հազար դրամով արդյունավետ աշխատի 4 խմբերի 72 երեխաների հետ: Այդուհանդերձ, հարցական է մնում, թե ընդհանրապես ինչ է լինում մարզիչների աշխատանքի արդյունքը, արդյոք նրանք որևէ բան անում են: Եվ ստացվում է, որ Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները համալրելու համար հնարվոր չի լինում ամբողջ Հայաստանում  տասը խաղացող գտնել: Առաջիկայում հանդիպում է նախատեսվում  Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ և կփորձենք լուծել կնճռոտ հարցերը: Իսկ դրանք շատ են:

 Երեք տարի շարունակ մարզաբազա էինք փնտրում, որպեսզի հանդբոլի հավաքական թիմերը կարողանան պարապել: Ի վերջո, շաբաթական 4 օր երկուական ժամով տրամադրվել է մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մարզասրահը: Հանդբոլի Երևանի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Ղազարյանի հետ միասին աստիճանաբար պետք է փորձենք գտնել խանգարող մյուս բոլոր հարցերի պատասխանները:

Գյումրիում էլ վիճակը շարունակում է մտահոգող մնալ: Հանդբոլի  Շիրակի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը ջանք չի խնայում Հայաստանի  երկրորդ քաղաքում գրավիչ խաղային այս մարզաձևը կրկին վերակենդանացնելու համար: Ի դեպ, նախկինում Գյումրիում հանդբոլի լավ ավանդույթներ են եղել, սակայն այժմ ընդամենը երկու մարզիչ է մնացել: Ընդ որում, մարզիչները շատ վատ են աշխատում: Իսկ ձախողման հիմնական պատճառն այն է, որ հանդբոլի դպրոցը փակվել է: Սակայն դա արդարացում լինել չի կարող: Վատն այն է, որ մարզիչների կողմից անտարբերությունը շարունակվում է: Գյումրիի ներկայացուցիչները չեն մասնակցել անցյալ տարի կազմակերպված մարզչական սեմինարներին, իսկ այդ քաղաքի թիմերը 2009-ին պաշտոնական երկու մրցման են  պատվիրակներ ուղարկել: Փաստն այն է, որ Գյումրիում ներկայումս կա հանդբոլի 8-10 մարզիչ և ֆեդերացիան պատրաստ  դիմել Գյումրիի քաղաքապետարանի ղեկավարությանը, նաև աջակցել, որպեսզի այս վիճակը փոխվի, հանդբոլի խմբերը շատանան: Նախքան մարզադպրոցի փակվելը Գյումրիում հանդբոլի 37 խմբերի հետ աշխատել է 8 մարզիչ: Եթե Գյումրիում  դեռևս վիճակը  մնում է մտահոգող և հանդբոլի Հայաստանի, Շիրակի մարզի  ֆեդերացիաներից մեծ աշխատանք կպահանջվի բարփոխումների համար, ապա վերջին շրջանում այս առումով ակնառու առաջընթաց է նկատվում Արցախում (ֆեդերացիայի նախագահ`Սուրեն Գրիգորյան): Գնահատելի է այն, որ Արցախում պարբերաբար տարբեր մրցումներ են կազմակերպվում: Եվ եթե  անհրաժեշտություն զգացվի, ֆեդերացիան կաջակցի, որ դրանց թիվն էլ ավելանա: Ի դեպ, բացառության կարգով հանբոլի Հայաստանի ֆեդերացիան նաև իր վրա է վերցրել Հայաստանի առաջնությունների մասնակից Արցախի թիմերի սննդի և այլ ֆինանսական հարցերը: Մտահոգ ենք, որ Արցախի մարզադպրոցներում պարապող հանդբոլիստները չթողնեն սպորտը: Պատրաստ ենք աջակցել, որ նրանք  հետագայում իրենց ուսումը շարունակեն Երևանի մարզական պետական քոլեջում, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

Իսկ հանդբոլը Արցախում և ողջ Հայաստանում զարգացնելու համար պետք ստեղծել ակումբներ: Բայց այս հարցը շարունակ հետաձգում ենք: Պատճառն այն է, որ առայժմ  մեր երկրում քիչ են մեծահասկ հանդբոլիստները: Այսինքն բոլորը միասին կարող են միայն մեկ ակումբ ստեղծել: Դրա համար պետք է մի փոքր էլ սպասել մինչև երիտասարդ հանդբոլիստները հասունան և ակումբներ հավաքագրելու ռեալ հնարավորություն ստեղծվի: Իսկ դա կօգնի, որ խաղացողները երիտասարդ տարիքում չհեռանան հանդբոլից:

Մեկ տարի է, որ Գեղաւքունիքի մարզում ստեղծվել է հանդբոլի ֆեդերացիա: Այդ կազմակերպության նախագահ Արտյուշա Ղուկասյանը 2009-ին մեծ աշխատանք է կատարել: Սերտ է համագործակցությունը հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի հետ: Մարզի հանրակրթական դպրոցներում հանդբոլի խմբեր են հիմնվել: Անցյալ տարի առաջին քայլերն արվել են Գեղարքունիքում լողափնյա հանդբոլի համար պայմաններ ստեղծելու ուղղությոմբ և դրանք այս տարի էլ շարունակվելու են:

Լոռու մարզում էլ հանդբոլի բարձր հիմքերի վրա է: Ընդ որում, թիմեր կան Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում: Լոռու հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արսեն Դարբինյանը ձևավորված կառույց է ղեկավարում և դա չի կարող չուրախացնել:

Ի դեպ, քանի որ հիշատակված բոլոր մարզերի հանդբոլի ֆեդերացիաների նախագահները հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահության անդամներ են, ապա նախագահության կազմում համալրում է սպասվում: Մարզերում ստեղծվել են երկու նոր ֆեդերացաներ: Եվ նախագահության կազմում կընդգրկվեն  ևս երկու մարզերի ֆեդերացիաների նախագահներ` Սյունիքից Արա Դոնունցը և Կոտայքից` Վալերի Բակլաչյանը: Տեղեկացնենք, որ ֆեդերացիան մեթոդական գրականություն, գնդակներ  կտրամադրի  այս մարզերում ևս հանդբոլը զարգացնելու համար, կաջակցի բոլոր հարցերում: Վստահ ենք, որ այս տարի երկու մարզում էլ հանդբոլը կարմատավորվի, ինչպես դա նախորդ տարի կատարվեց Գեղարքունիքի մարզում: Սյունիքի և Կոտայքի մարզերում բոլոր նախադրյալներն կան այս աշխատանքում հաջողությունների հասնելու համար:

Այժմ մի քանի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք դրված են մեր կազմակերպության առջև: Նախ, պետք է հանդբոլը զարգացնել Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Ինչ է արվում այս ուղղությամբ:Իրականացվում է  §Սմարթ¦ միջազգային ծրագիրը, այժմ էլ ավելանալու է այդպիսի մեկ այլ ծրագիր: Հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են հանդբոլի պարապմուքներ, որոնք վարում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները: §Սմարթ¦ ծրագիրը հնարավորություն է տվել 6 մարզչի ամիսը վարձատրել 50-ական եվրո: Պարապմունքների համար տրամադրվում են նաև գնդակներ: Ներկայումս հանրակրթական դպրոցներում երեխաների հետ աշխատում են, հանդբոլի պարապմունքներ են անցկացնում Երևանի 3, Վանաձորի և Ստեփանավանի 1-ական ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Այս ուղղությամբ աշխանտանքը շարունակվելու է: Առաջիկայում  պատանիների և աղջիկների հանդբոլի խմբեր կհիմնվեն նաև Արմավիրում: Իսկ ընդհանուր հաշվով ունենալու ենք 6-ական պատանիների և աղջիկներ թիմեր: Հունիսից այդպիսի ծրագիր է գործելու արդեն հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հովանավորությամբ: Այսինքն, կավելան ևս 12 նոր խմբեր:Քանի որ Երևանում այդպիսի խմբեր բավականին  թվով կան, ապա պետք է մտածենք, որ նոր խմբեր հիմնվեն այն մարզերում, որոնցում դրանք բացակայում են: Եվ խնդրում եմ, որ աջակցեք համապատասխան ուսուցիչների երաշխավորեք, որոնք կպարապեն երեխաների հետ: Նրանց մեթոդական աջակցություն ցույց կտրվի, նաև գնդակներ կտրամադրվեն:

Ինչու է այս ամենն արվում: Քննդատաբար պետք է ասել, որ Հայաստանի այն  մարզադպրոցներում, որոնցում արմատավորված է հանդբոլը, կատարվող աշխատանքն իրեն այլևս չի արդարացնում, արդյունավետ չէ, ձևական բնույթ է կրում: Մեր ռազմավարությունն այն է, որ երեխաներն իրենց դպրոցներում բարեկամանան այս մարզաձևին: Իսկ ֆեդերացիայի նպատակը կլինի օգնել այդ  դպրոցների հանդբոլի նորաստեղծ խմբերին, որպեսզի լավ սաներ աճեն:

Մյուս խնդիրը` Հայաստանի առաջնությունների բարձր մակարդակով անցկացումն է: Այնպես է օրացուցային ծրագիրը կազմվել, որ Հայաստանում ողջ տարին հանդբոլի մրցումներ անցկացվեն: Պատանեկան երեք տարիքային խմբերի առաջնության մրցաշարերն անցկացվելու են շրջաններով և դրանց մրցավայրերը շարունակ փոխվելու են: Կազմակերպական աշխատանքներ համար տրամադրվելու է 6 մլն դրամ: Մնացած 12 մլն դրամը կհատկացվի մեր թիմերի միջազգային ստուգատեսների մասնակցությանը:

2010-ին ունենք միջազգային երկու մրցաշար: Կանայք պետք է մասնակցեն §Չելենջ տրոֆի¦ միջազգային մրցաշարին: Այն մեկնարկելու  մարտի 18-ին Իսրայելում: Իսկ մինչև 18 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականն էլ մայիսին խաղալու է Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում: Դժվար խնդիր է, որովհետև եվրոպական  այն երկրների թիմերի հետ ենք մրցելում որոնք ուժեղ խաղացողներ ունեն: Ընդ որում, պատանիների մրցաշարում 10 խմբերից հաջորդ փուլ են դուրս գալու 2-ական, 4 խմբերից` 1-ական թիմ: Մենք վիճակահանությամբ հայտնվեցինք այն խմբում, որից միայն 1-ին տեղը զբաղեցնողն է պայքարը շարունակելու իրավունք ստանալու: Այնպես որ, այս առումով բախտներս չի բերել: Իսկ Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Սերբիայի, Հունաստանի, Բուլղարիայի ներկայացուցիչները: Հույս ունեմ, որ մեր պատանիները այս անգամ արժանավայել հանդես կգան: Ինչ վերաբերում է մեր հանդբոլիստուհիներին, ապա նրանցից նախկինում դժգոհելու առիթներ չենք ունեցել: Այս անգամ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Իսրայելի, Կիպրոսի, Մալթայի մարզուհիները:

Հայաստանի կանանց և պատանեկան հավաքականները համապատասխան ծրագրով այժմ նախապատրաստվում են եվրոպական ստուգատեսներին, երկկողմանի հանդիպումներ են անցկացնում:

 

Անցյալ տարի Երևանում առաջին անգամ անցկացվեց հանդբոլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության մրցաշարը: Դա լավ արձագանք է գտել, շատերն են զարմացել, որ Հայաստանում հանդբոլի միջազգային մրցաշար է անցկացվել: Այս տարի էլ այս ստուգատեսը մտադիր ենք կազմակերպել: Սակայն պետք է դրա անցկացման ժամկետը ճշտվի, քանի որ մասնակից արտասահմանյան երկրների հավաքականները խաղեր ունեն: Մրցաշարը կկայանա գարնան վերջին, կամ էլ աշնանը: Առաջիկա 1,5-2 ամսում այդ հարցն էլ կհստակեցվի:Այս ստուգատեսի կազմակերպումն անհրաժեշտ է, քանի որ մեր մարզասերները  հանդբոլի բարձր մակարդակի  խաղերի հետևելու հնարավորություն են ստանում,և բարձրացնում է Հայաստանի իմիջը միջազգային կազմակերպություններում:

Ցանկալի է, որ մերոնք դրսում  միջազգային մրցաշարերի մասնակցեն, սակայն ֆինանսական հնարավորությունները սուղ են: Արդեն կազմվել է հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի 2010-ի ծախսերի նախահաշիվը, այն 50 մլն դրամ է, այսինքն 32 մլն-ով ավելի է, քան պետությունն է  աջակցության կարգով տրամադրում:

Այժմ անդրադառնամ ուրախալի մի իրադարձության, որ կարող է օգնել մեզ միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում պատվով հանդես գալու: Վերջերս հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան Ֆրանսիայում համագրծակցության պայմանագիր է կնքել §Աջակցություն Հայաստանի հանդբոլին¦ կազմակերպության հետ:Ֆրանսիայում հանդբոլը շատ բարձր խաղամակարդակ ունի և համատեղ ուժերով առաջիկայում փորձելու ենք Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները համալրել այդ երկրում խաղացող  մեր հայրենակիցներով:Փաստորեն փորձելու ենք ստեղծել միասնական ուժեղ հավաքականներ: Իսկ այդ հարցում մեզ աջակցելու է Ֆրանսիայում հիմնված նորաստեղծ կազմակերպությունը: Այնպես որ, առաջիկայում Ֆրանսիայում բնակվող մեր հայարենակիցները Հայաստանի կանանց և մինչև 18 տարեկանների հավաքականների կազմերում կմասնակցեն եվրոպական ստուգատեսներին: Կխաղան 4 հանդբոլիստուհի և պատանի 8 հանդբոլիստ: Փաստաթղթերի ձևակերպումն ընթացքի մեջ է: Հատկապես դժվարություններ են առաջանում պատանիների հետ կապված, քանի որ անչափահասներ են և անհրաժեշտ է ունենալ նաև նրանց ծնողների համաձայնությունը: Ֆրանսիացի մեր հայրենակիցներն օգնելու են նաև Հայաստանում մարզիչների սեմինարների անցկացման հարցում: Նախընտրելի է, որ դրսից հրավիրված մասնագետներն այստեղ պարապունքներ անցկացնեն մեր մարզիչների հետ:

Վերջում, ցանկանում եմ անդրադառնալ լողափնյա հանդբոլը Հայաստանում զարգացնելու հեռանկարին: Շենգավիթի համայնքի հանալիր մարզադպրոցի հարևանությամբ սարքավորվելու է այդպիսի մի խաղահրապարակ: Իսկ մեր հիմնական մարզաբազան լինելու է Գեղարքունիքի մարզում: Եթե մեր մյուս մարզերում ավազե ծածկով խաղահրապարակներ սարքվորվեն, ապա լողափնյա հանդբոլի մարզագույք, դարպասներ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան կտրամադրի:

 

Հանդբոլի Հայաստանի առաջնությունների անցկացման մասին

 

Հանդբոլի Հայաստանի 2009-ի առաջնությունների մասին տեղեկատվությամբ հանդես  եկավ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը: Նշվեց, որ անցկացվել են բոլոր տարիքային խմբերի Հայաստանի առաջնությունները, տարբեր մրցաշարեր, այդ թվում նաև միջազգային: Ընդհանուր հաշվով 22 միջոցառում է կազմակերպվել: Օրացուցային պլանով նախատեսված ոչ մի մրցում դուրս չի մնացել: Այդուհանդերձ, նշվեց, որ թեև միջոցառումների թիվը շատ է եղել, սակայն ընդհանուր հաշվով կազմակերված խաղերի թիվը մեծ չէ: Իսկ այդ բացը լրացնելու համար առաջարկ է եղել, որ 2010-ի միջոցառումների պլանը կազմելիս այնպես արվի, որպեսզի Հայաստանում տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների մասնակցությամբ  մրցումներում ընդհանուր հաշվով ավել շատ խաղեր անցկացվեն: Այդ նպատակով նախորդ տարվա համեմատ որոշ փոփոխություններ են կատարվել, և ստուգատեսները կանցկացվեն 4 տարիքային խմբերով: Կկայանան մեծահասակների, մինչև 18, 16 տարեկանների առաջնություններ և մինի հանդբոլի մրցումներ: Նախատեսվում է մրցումները կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում` Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և Արցախում: Դրա նպատակն է, որ հանդբոլը մասսայականանա: Բանախոսը ցավով նշեց, որ նոր մրցաշրջանի օրացուցային պլանները վաղուց ուղարկվել են Հայաստանի հանդբոլի տարբեր կենտրոններին, սակայն զգալի մասից դեռ արձագանքներ չկան` պատվիրակներ ուղարկելու են, թե ոչ: Մասնավորապես, նշվեց, որ խոշոր կենտրոններից դեռևս չեն արձագանքել Երևանի Շենգավիթի, Արաբկիրի համայնքի մարզադպրոցների ներկայացուցիչները: Հայտնվեց, որ այդ ամենը կապված է ֆինանսների հետ, կան դժվարություններ, սակայն տեղերում պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը, որպեսզի ֆեդերացիան կարողանա համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կատարել, սահմանի մրցումների անցկացման ժամկետները: Գոհունակություն հայտնվեց, որ Արցախի հանդբոլիստներն ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող բոլոր միջացառումներին: Ընդ որում, տարբեր տարիքային խմբերի մրցումների  ժամանակ արցախցիները հանդբոլիստների և հանդբոլիստուհիների երկուական թիմեր են  մրցասպարեզ հանում: Վանաձորի ներկայացուցիչները ևս պատրստակամություն են հայտնել 2010-ին մասնակիցներ հայտավորել կազմակերպվելիք բոլոր ստուգատեսներում:

Մելքոնյանը հայտնեց, որ խաղերի թիվն ավելացնելու համար ֆեդերացիան որոշել է ընդառաջել և հոգալ առաջնություններրի մասնակիցների գիշերավարձի, պարգևատրության, նաև մարզասրահների վարձակալության ծախսերը: Գործուղող կազմակերպություններին մնում է լուծել թիմերի տրանսպորտի և սննդի ծախսերը: Ասվեց որ,  այս տարի Հայաստանում կանցկացվի հանդբոլի պաշտոնական 40-45 խաղ, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am