Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում համագործակցության պայմանագիր են ստորագրել «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» նորաստեղծ կազմակերպության և հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարները:

«Աջակցություն Հայաստանի հանդբոլին» կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակից հանդբոլիստների, պարզապես մարզասերների: Նպատակը մեկն է` գործուն աջակցություն դրսևորել հանդբոլը Հայաստանում զարգացնելու համար: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդբոլից եղանակ են ստեղծում աշխարհում, այդ երկրի խաղացողները հաղթել են  ամենաներկայացուցչական ստուգատեսներում, օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում: Հանդբոլի Ֆրանսիայի առաջնությունում 12 դիվիզիոն է: Եվ ահա, ֆրանսիական կողմը պարտավորվել է ի հայտ բերել տարբեր տարիքային խմբերի խաղացողների, որպեսզի նրանք ընդգրկվեն Հայաստանի հավաքական թիմերում, մասնակցեն եվրոպական ստուգատեսների:

Դեռ նախորդ տարի Ֆրանսիա էին այցելել հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և այդ կազմակերպության փոխնախագահ Հարություն Մելքոնյանը: Նրանք հանդիպել էին հայ հանդբոլիստներին, նրանց մասնակցությամբ երկկողմանի խաղեր դիտել և մարզիկների ընտրություն կատարել: Այս անգամ էլ նույնն արվեց, սակայն փոքր ինչ ավելի ընդգրկուն ծրագրով: Ամեն օր մարզումներ և խաղեր էին անցկացվում: Ընդ որում, Ս. Գրիգորյանից և Հ. Մելքոնյանից բացի, Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև հանդբոլի մեր երկրի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը և 5 մարզուհիներ: Ֆրանսիայում վերջիններիս միացան այդ երկրի 2-րդ դիվիզիոնի ակումբներում հանդես եկող 3 խաղացողներ: Միացյալ հավաքականը երկու հանդիպում անցկացրեց: Մերոնք Իսի լե Մուլինոյում պարտվեցին տեղի թիմին և ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը «Մոյն Կոլոմբես» ակումբի հետ` 13:13: Վերջինիս հետ խաղ անցկացրեց և պարտվեց միայն Ֆրանսիայում  բնակվող հայերից համալրված Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Հավաքվել էին 15 հայ հանդբոլիստներ: էականն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները ոչ միայն մարզումների ժամանակ, այլև գործնականում` խաղերում տեսան այն մարզիկ- մարզուհիներին, ովքեր հավակնում են ընդգրկվելու Հայաստանի հավաքականում: Ընդ որում, նախատեսվում է, որ մեր երկրի հանբոլիստուհիների հավաքականի կազմում պետք է խաղան ևս 4 մարզուհիներ, ովքեր տարբեր պատճառներով այս անգամ չէին կարողացել միանալ:

Ինչեւէ, համագործակցության ծրագիր է մշակվել 6 տարով: Գարնանը Ֆրանսիայից մասնագետ է ժամանելու, որպեսզի Հայաստանի մարզիչների հետ սեմինար անցկացնի: Մարտին մեր երկրի միացյալ հավաքականը մասնակցելու է Իսրայելում կայանալիք «Չելենջ Տրոֆի» միջազգային մրցաշարին: Մերոնց մրցակիցներն են լինելու Իսրայելի, Կիպրոսի, Մալթայի հավաքականները: Իսկ Հայաստանի պատանի հանդբոլիստները մայիսին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում խաղալու են մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցաշարում: Նույն խմբում են նաև Սերբիայի, Հունաստանի, Բուլղարիայի ներկայացուցիչները:

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am