Մամուլը մեր մասին

Սարգիս Գրիգորյան. «Խայտառակություն է, որ սպորտի նախարարությունը խաղային ձեւերի մարզադահլիճ չունի»

Երեկ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հրավիրված ասուլիսում ամփոփելով մրցաշրջան 2014-ում կատարած աշխատանքները՝ խոսեց ինչպես հաջողությունների, որոնք օբյեկտիվ պատճառներով այնքան էլ շատ չեն, այնպես էլ խնդիրների եւ հոգսերի մասին: Բանախոսի փոխանցմամբ, չնայած մարզաձեւին հատկացվող պետական աջակցությունը շատ քիչ է՝ ընդամենը 18 միլիոն դրամ, իրենք հովանավորների եւ այլ միջոցներով հայթայթում եւ ծախսում են կրկնակի գումար, որը, սակայն թույլ չի տալիս որակական առումով առաջընթաց եւ զարգացում ապահովելու համար:

«Վերջին հինգ տարիներին ֆեդերացիայի տարեկան բյուջեին ոչ մի լումա չի ավելացել, նույն 18 միլիոնն է; Եվ որքան հասկանում եմ, չի էլ ավելանալու, քանի որ խաղային մարզաձեւերին մոտեցման տրամաբանությունը չի փոխվում: Մեզ մոտ ուժեղին են ֆինանսավորում՝ ուժեղն ավելի է ուժեղանում, թույլ մարզաձեւերն էլ ավելի են թուլանում: Ասում են, թե այսպիսի մոտեցմանը դեմ են, քաղաքականությունը փոխել են: Բայց միայն խոսում են: Հասկանալի է՝ սպորտում մեկը պիտի հաղթի: Քաղաքի, Հայաստանի առաջնությունում նույնպես: Բայց ուզում ենք Եվրոպայի, աշխարհի առաջնությունում հաղթել: Ես էլ եմ ուզում: Բայց ինչպե՞ս:

Շատ եմ ասել ու քանի կենդանի եմ ասելու եմ. որտեղ չկա պրոֆեսիոնալ մարզաձեւ, չի կարող լինել աշխարհի ու Եվրոպայի առաջնության անգամ մասնակից: Սիրողական մարզիկը չի կարող հաղթել պրոֆեսիոնալին: Մենք պրոֆեսիոնալ ակումբներ չունենք: Դա ֆինանսների եւ ցանկության խնդիր է: Ասել եմ նաեւ, որ մեր բիզնեսը, բացառությամբ մի քանի անհատական մարզաձեւերի, սպորտում ներդրում չի անում, թեեւ դա եկամտաբեր է, եթե ճիշտ բիզնես անեն ու ճիշտ կազմակերպեն: Ասածս նաեւ խաղային մյուս մարզաձեւերի մասին է: Մեր գլխավոր խնդիրներից մեկն էլ ինքնաթիռի տոմսի գինն է: Երբ թիմ ենք գործուղում, տեղերում կարողանում ենք հյուրանոցի եւ սննդի հարցերը մի փոքր հարմար ձեւերով լուծել: Բայց ինքնաթիռի տոմս էժանացնել չենք կարող: Բազմիցս դիմել ենք նախարարությանը, որին հետաքրքրում է, թե պետական կառույցի հատկացրած ողորմելի 18 միլիոնը ինչպես ենք ծախսում: Մենք մշտապես հաշվետվություն ենք ներկայացնում: Առաջարկել ենք կենտրոնանալ, պայմանագրեր ստորագրել սպորտը սպասարկող եւ սպորտի վրա թքած ունեցած ավիաընկերությունների հետ, որպեսզի գոնե աշխարհի, Եվրոպայի առաջնություն մեկնող մարզական թիմերի համար զեղչային համակարգ մտցվի: Պետությունը ի վիճակի է մեկ միլիա՞րդ հատկացնել սպորտին: Պատկերացնո՞ւմ եք, թե միայն տոմսի 30 %-ի դեպքում սպորտը որքան խնայողություն կունենա: Մի կարեւոր բան էլ: Լրագրողներիդ խնդրում եմ մեծ տառերով գրել. Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը չունի խաղային մարզաձեւերի իր դահլիճը: Խայտառակություն է, որ Հայաստանի խաղային մարզաձեւերի հավաքականները մարզվում են տարբեր դահլիճներում: Ով շնորհք ունի, անվճար է մարզվում, ով ոչ՝ գումար են պահանջում: Այդպես չի կարող լինել: Եթե պետությունը նեղ վիճակում է, կրկնում եմ իմ հին առաջարկը: Առանց բացառության բոլոր ֆեդերացիաներին հատկացվող պետական աջակցության տարեկան գումարներից մասնահանումներ անել եւ այդ գումարներով մեկ-երկու տարում միջազգային չափորոշիչների համապատասխան խաղային մարզաձեւերի դահլիճ կառուցել, որի ճակատին գլխանց գրվի, որ սեփականաշնորհման ենթակա չէ: Այդ դահլիճում կամ դահլիճներում կմարզվեն ազգային հավաքականները, այդ դահլիճներ միջազգային պաշտոնական առաջնություններ հնարավոր կլինի բերել», – ասաց ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:


                                                                                 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

                                                                              «Առավոտ» օրաթերթ

                                                                                  12.2014

Sunday the 22nd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am