Մամուլը մեր մասին

Ձգտում ենք ամեն տարի մեկ քայլ առաջ կատարել

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ամփոփելով անցնող մրցաշրջանը, խոսեց նաեւ մարզաձեւի խնդիրների ու ակնկալիքների մասին:

  

   -Նախորդ տարվա համեմատ հաջողվե՞լ է մարզաձեւի զարգացմանն առնչվող որեւէ հարցում մեկ քայլ առաջ շարժվել:

   -Յուրաքանչյուր մրցաշրջանում նախատեսված աշխատանքների ծրագրում անպայման սահմանվում է առաջխաղացում ապահովող կետ: Նախորդ տարիների համեմատ ավելի շատ մրցումներ ենք անցկացրել՝ դրանց հաղորդելով նոր որակ եւ ընդգրկելով նոր թիմեր: 2014-ին լիարժեք կատարեցինք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները:

   -Ըստ այդմ, ո՞րն է այս մրցաշրջանի առանձնահատկությունը:

   -Հանրապետական մրցումների քանակը եւ որակը: Այս տարի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական առաջնություններին մասնակցել է տղաների 12-ական, աղջիկների` 8-ական թիմ: Մարզիչների տեղափոխություններով պայմանավորված` որոշակիորեն փոխվել է մարզաձեւի աշխարհագրությունը: Որոշ քաղաքներում թափուր տեղեր են առաջացել, քանզի այնտեղ աշխատող մասնագետները մեկնել են երկրից: Այդ իսկ պատճառով Ստեփանավանի եւ Արմավիրի թիմերը պարապուրդի են մատնվել: Փոխարենը, թիմեր են ստեղծվել Դիլիջանում, Քաջարանում եւ Գորիսում: Վերականգնվել են Հրազդանի եւ Գյումրիի թիմերը: Իսկ Տաշիրում մեզ օգնեցին տեղացիները:

-Ճի՞շտ հասկացա, որ մարզիչների պակաս ունեք:

   -Դա մեր թիվ մեկ խնդիրն է: Այն զգացվում է հատկապես մարզերում: Փորձում ենք հնարավորինս լուծել այն. հաճախ Երեւանից ենք գործուղում մարզիչներ: Գրեթե չունենք մեծահասակների թիմերի հետ աշխատելու ունակ մարզիչներ: Բացը լրացնելու համար շատ անգամ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ենք վերաորակավորում հանդբոլի մարզիչների: Ամեն տարի մարզիչների վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպում: Այս մրցաշրջանում արտասահմանից հրավիրած մասնագետների մասնակցությամբ այդպիսի երկու սեմինար ենք անցկացրել:

-Իսկ Ստեփանավանի եւ Արմավիրի մարզիկները պահանջված չե՞ն հարեւան քաղաքների թիմերում: Ամեն դեպքում մարզվել են, վարպետության որոշակի աստիճանի հասել:

   -Ոչ, դա այնքան էլ հեշտ չէ կազմակերպել: Ավելի լավ է մյուս տարի լուծենք այդ քաղաքների մարզիչների հարցը:

   -Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականների այս տարվա միջազգային մրցելույթները:

   -Մինչեւ 18 տարեկանների եւ ազգային հավաքականները մասնակցեցին եվրոպական մրցաշարերի: Մեզ համար առաջնայինը մարզիկների միջազգային մրցափորձի հարստացումն է, քանզի մրցակիցները շատ ուժեղ են: Ուրախ ենք, որ մեր երեխաները կարողանում են խաղալ, գոլ խփել: Երբեմն շատ վատ է ստացվում, բայց պատահում է, որ 15-20 գնդակ են ուղարկում ուժեղ թիմի դարպասը, ինչն այնքան էլ հեշտ չէ: Նման մրցումների մասնակցելով՝ շեշտում ենք մեր ներկայությունը միջազգային ասպարեզում:

 -2015-ին նախատեսո՞ւմ եք ավելի ցայտուն դարձնել այդ ներկայությունը:

   -Չեմ կարծում, թե կավելանա միջազգային մեկնարկների քանակը: Եթե նույն ծավալն ապահովենք` բավական է: Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի փոխարեն ցանկանում ենք մասնակցել մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնած նոր մրցաշարին, որը, կարելի է ասել, համաշխարհային ստուգատեսի երկրորդ լիգա է լինելու: Արդեն հայտ ենք ներկայացրել: Մրցաշարի կազմակերպման հարցը, կարծում եմ, կքննարկվի փետրվարին Կատարում նախատեսված հանդիպման ժամանակ: Եթե լինի` անպայման մասնակցելու ենք:

   -Դա ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի՞ լինի ֆեդերացիայի համար:

   -Նման խնդիր միշտ էլ լինելու է, ուստի ավելի նպատակահարմար է մասնակցենք այդպիսի մրցաշարի, քան այլ մրցման: Կմասնակցենք նաեւ «Չելենջ տրոֆիե ավանդական մրցաշարին: Բացի դրանից, ամեն տարի առնվազն 2-3 անգամ մրցուղերթներ ենք կատարում Վրաստան:

   - Համահայկական խաղերի ծրագրում մարզաձեւի ընդգրկումը ի՞նչ կտա հայրենի հանդբոլին:

   -Հպարտ եւ ուրախ ենք հաջորդ տարի անցկացվելիք խաղերում նորամուտը նշելու համար: Բայց ամենակարեւորը` կխթանի հանդբոլի զարգացումը մեր երկրում: Նաեւ կմեծանա մեր տեղեկատվությունը սփյուռքահայ հանդբոլիստների մասին, կսերտացնի ու կհարստացնի մեր միջազգային կապերը: Արդեն իսկ ֆրանսահայերի հետ համագործակցության լուրջ փորձ ունենք:

   -Սակայն, որքան գիտեմ, ոչ բոլորին է հնարավոր ընդգրկել Հայաստանի հավաքականում:

   -Դժվար է, քանզի քաղաքացիություն ձեւակերպելու խնդիր կա: Մինչ այժմ կարողացել ենք ընդգրկել կեցության իրավունքի փաստաթղթերի հիման վրա: Սակայն մյուս տարի եվրոպական կամ միջազգային ֆեդերացիաները կարող է չընդառաջեն այդ հարցում: Իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում նրանք մարզական բնույթի խնդիրների կբախվեն իրենց երկրներում: Այլ հարց է, որ ունենանք ակումբներ, որոնցում պայմանագրային հիմունքներով հանդես գան արտերկրի մեր ուժեղագույն հայրենակիցները: Բայց ակումբ ստեղծելը շատ ծախսատար է, եւ հայ գործարարները նման առաքելություն ստանձնելու ցանկություն չունեն: Անգամ Ռուսաստանի գործընկերներս են զարմանում, որ այնտեղի գործարար հայերից որեւէ մեկը այդպիսի պատրաստակամություն չի դրսեւորում: Եթե նման մարդ գտնվի` ֆեդերացիան համակողմանի կաջակցի նրան: Ռուսաստանի ֆեդերացիան առաջարկել էր հոկեյի օրինակով տարածաշրջանային խոշոր լիգա ստեղծել, բայց նախագիծը մնաց օդում, քանզի շատ երկրներ ֆինանսական խնդիրներ ունեն:

   -Նշեցիք, որ օրակարգում է միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադահլիճ ունենալը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի լուծումը:

   -Կարծում եմ, պետք է տարբեր ֆեդերացիաների ղեկավարներս պայմանավորվենք եւ պետբյուջեից մեզ տրամադրվող տարեկան ֆինանսավորման մի մասը հատկացնենք սպորտի եւ երիտասարդության նախարարությանը` նման մարզադահլիճ կառուցելու համար: Հիմա ՀԱՕԿ-ը կառուցում է մարզահամալիր, որտեղ լինելու է նաեւ խաղային մարզաձեւերի դահլիճ: Ճիշտ է, միջազգային պաշտոնական խաղեր անցկացնելուն չափերը չեն համապատասխանում, բայց տեղական առաջնությունների եւ հավաքականների մակարդակով ոչ պաշտոնական հանդիպումներին կբավարարի։

 

                                                                                                          

                                                                                                            Հրայր Նազարյան

 

                                                                                                                                           «Հայոց աշխարհ», դեկտեմբերի 23

 

Sunday the 22nd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am