Մամուլը մեր մասին

Հայրենի հանդբոլը կվստահվի չեխ մարզիչներին

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան երկրում մարզաձեւի զարգացմանը նոր խթան հաղորդելու հարցում մտադիր է ապավինել նաեւ չեխ մասնագետներին: Երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել վերջերս Իռլանդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ձեռքի գնդակի եվրոպական ֆեդերացիայի համաժողովում:

  Հայաստանի  հանդբոլի ֆեդերացիայի կայքի հաղորդագրությունում նշվում է, որ «Ֆոստեր» ծրագրով համագործակցելու վերաբերյալ փաստաթուղթը վավերացրել են Հայաստանի եւ Չեխիայի ֆեդերացիաների նախագահներ Սարգիս Գրիգորյանն ու Ալեշ Պոսպիշելը: Ստորագրման արարողությանը ներկա էր ԵՀՖ ղեկավար Ժան Պրիհոլտը: «Փաստորեն» զարգացած հանդբոլ ունեցող երկիրը նպաստելու է գործընկեր կազմակերպության ուժեղացմանը: Համագործակցության կայացմանը մեծապես օգնեցին հանդբոլի եվրոպական ֆեդերացիայի նախագահության անդամ չեխ Ֆրանտիշեկ Տաբորսկին, որը մի քանի անգամ եղել է Հայաստանում, ինչպես նաեւ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Վեդերերը: Ի դեպ, սա չեխերի հետ համանման ծրագիր իրականացնելու երկրորդ փորձն է: Չեխ գործընկերոջս անձամբ խնդրել եմ, որ մեզ ցուցաբերեն ոչ թե գույքային, այլ մեթոդական աջակցություն: Մեր ֆեդերացիան բացառության կարգով երրորդ անգամ է ընդգրկվել եվրոպական ֆեդերացիայի «Սմարթ» ծրագրում, ինչի շնորհիվ մարզագույքի եւ հանդերձանքի խնդիրն այլեւս լուծված է: Միջազգային ֆեդերացիան էլ հաջորդ մրցաշրջանի մրցումներին պատրաստվելու համար տրամադրելու է 250 գնդակ եւ երկու թիմի համար նախատեսված մարզազգեստ»,- Դուբլինից վերադառնալուց հետո պատմել է Ս.Գրիգորյանը:

Ըստ նրա, այսօր հայկական հանդբոլն ամենից շատ բարձրակարգ մարզիչների կարիք ունի: Բանախոսն անկեղծացել է, որ եվրոպական կառույցը 5 հազար եվրոյի աջակցություն էր նախատեսել Հայաստանի համար, սակայն մեր ֆեդերացիայի նախագահն առաջարկել է գումարը փոխանցել Չեխիային, որպեսզի այդ միջոցներով ֆինանսավորվի այդ երկրի մասնագետների գործուղումը Երեւան: Ակնկալվում է, որ չեխերը մասնագիտական գործունեությանը զուգահեռ նաեւ պարբերաբար սեմինարներ կանցկացնեն հայ գործընկերների համար: Ս.Գրիգորյանի խոսքերով, հենց չեխերն են գլխավորելու մեր հանրապետության տարիքային տարբեր խմբերի հավաքականները: «Հոկտեմբերի վերջին կփորձեմ այցելել Պրահա եւ հստակեցնել անելիքները` պայմանավորվել այն մասնագետների հետ, որոնք գալու են Հայաստան: Հիմա կարեւորն այն է, որ մտահղացումը գործի դրվի եւ աշխատի: Ի դեպ, գաղափարը երեք տարի առաջ հուշել է Բելառուսի տղամարդկանց հավաքականը գլխավորող օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն Յուրի Շեւցովը»,- հայտնել է ֆեդերացիայի նախագահը` չբացառելով տեսանելի ապագայում նաեւ ռուսաստանաբնակ հայ մարզիչների հետ համանման համագործակցության հնարավորությունը:

   Միաժամանակ Ս.Գրիգորյանը տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքական թիմերը չեն մասնակցի տարիքային տարբեր խմբերի Եվրոպայի առաջնություններին` պատրաստվելով Համահայկական խաղերին, որի ծրագրում առաջին անգամ ներառվելու է նաեւ հանդբոլը: Ակնկալվում է նաեւ մերոնց մասնակցությունը միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆայի նախաձեռնած համաշխարհային ստուգատեսին, որին ներգրավվելու են աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում բացակայող երկրների 16 հավաքականներ: Մրցաշարի ձեւաչափը դեռ պետք է հստակեցվի: Հատկանշական է, որ այդ առաջնությանը մասնակցած թիմերի ազգային ֆեդերացիաները խրախուսվելու են դրամական պարգեւներով:

   Իսկ ապագա մրցումներին մեր հանդբոլիստները շուտով կկարողանան պատրաստվել եվրոպական ֆեդերացիայի հատկացրած նոր մրցագորգի վրա, որը նախատեսվում է տեղադրել Շենգավիթի համայնքում գործող թիվ 1 համալիր մարզադպրոցում, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Այնտեղ նախատեսվում է նաեւ տրիբունաներ կառուցել` վերածելով մարզաձեւի մրցումների կազմակերպման միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահի:

                                                                                                               Հրայր Նազարյան

                                                                                                                «Հայոց աշխարհ»

                                                                                                              9 հոկտեմբերի, 2014

Thursday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am