Մամուլը մեր մասին

ՀՈՒՍԱԴՐՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Հայաստանի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը, որը նախապատրաստվում է Վիեննայում մայիսի 17-19 կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, Թբիլիսիում հաջող հանդես եկավ ընկերական մրցախաղերում: Մեր հանդբոլիստուհիները Վրաստանի մայրաքաղաքում անցկացրած ընկերական 4 խաղերում էլ հաղթեցին`հաջորդաբար առավելության հասնելով «Կվարելիի»`30-20, «Մարտվեի»` 28-20, «Իմեդի»` 35-28 եւ Թբիլիսիի ընտրանու`30-21 նկատմամբ:

Ինչ խոսք, գրանցված արդյունքները հուսադրող են: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հայ մարզուհիներն ընդգրկված են 5-րդ խմբում, որտեղ մրցելու են Ավստրիայի, Հոլանդիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Մեր ընտրանին առաջին անգամ է մասնակցելու նման մրցաշարի, իսկ մրցակցուհիները բավականին ուժեղ են:

Հայաստանի հավաքականն Անահիտ Հարությունյանի եւ Աստղիկ Գյուրջինյանի գլխավորությամբ ընտրական մրցաշարի նախապատրաստությունը սկսել է 2012-ի նոյեմբերից: Պարապմունքներն անցկացվում են ՖԻՄԱ-ի եւ «Հայաստան» մարզական միության մարզադահլիճներում:

Շաբաթական հավաքականը 5 պարապմունք է անցկացնում: Հավաքականի կազմում ներկայումս ընդգրկված է 15 մարզուհի, որոնք ժամանակին տարիքային տարբեր հավաքականների կազմերում միջազգային մրցաշարերի մասնակցության որոշակի փորձ արդեն ունեն: 3 հանդբոլիստուհի հավաքականին կմիանա Ֆրանսիայից: Նրանցից մեկը դարպասապահ է, որը պետք է փոխարինի վնասվածք ստացած եւ վիրահատված Անուշ Բիլյանին: Հավաքականի մարզիչները լավատես են ու հույս ունեն, որ մեր հանդբոլիստուհիները պատվով դուրս կգան դժվարին փորձությունից:

«Ազգ» օրաթերթ, 26 ապրիլի, 2013 թ.
 

Thursday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am