Մամուլը մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՀԱՆԴԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԼԻԳԱՅՈՒՄ

Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ ՍարգիսԳրիգորյանը մասնակցել է Մոսկվայում ԱՊՀ երկրների մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել է հանդբոլի միջազգային նոր լիգա հիմնելու հարցը: Այս մասին տեղեկացանք հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնի է, գործում է տափօղակով հոկեյի միջազգային լիգա, որին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան եւ եվրոպական մի շարք երկրների թիմեր: Այդ ծրագիրն իրականացնողներն առաջարկել են նույնանման լիգա ստեղծել նաեւ հանդբոլում: Նախատեսվում է, որ այդ ծրագրին կմիանան նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրներին սահմանակից պետություններըՙ Իրանը, Ֆինլանդիան եւ այլն: Խորհրդակցության ժամանակ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչներն էլ նախնական հավանության են արժանացրել միջազգային նոր լիգա հիմնելու գաղափարը:

Սարգիս Գրիգորյանի համոզմամբ, լիգայի հիմնումը մեծ խթան կլինի հատկապես այն երկրների համար, որոնցում մարզաձեւը նոր է սկսել առաջընթաց ապրել: Այդ երկրների շարքում է նաեւ Հայաստանը: Նոր լիգան հնարավորություն կընձեռի միջազգային հանդիպումներ անցկացնել բարձրակարգ թիմերի հետ, ինչը զգալի մրցակցային փորձ ձեռք բերելու հնարավորություն կընձեռի հանդբոլիստներին: Մարզասերներն էլ հնարավորություն կունենան հետեւելու գրավիչ մրցախաղերի:

Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե լիգան ինչպիսի ձեւաչափ է ունենալու, այն գործելու է ակումբների՞, թե՞ հավաքականների մակարդակով: Խորհրդակցության ընթացքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ առաջիկա 3 ամիսներին զբաղվելու է լիգայի հիմնադրման նախապատրաստական աշխատանքներով: Հարկ է հաշվի առնել տարբեր երկրների ֆեդերացիաների առաջարկները, ստեղծել կանոնադրություն, մրցումների անցկացման կանոնակարգ, պատրաստել խորհրդանիշը, դրոշը, հիմնը եւ այլն:

Սպասվում է, որ հաջորդ խորհրդակցությունը կանցկացվի Հայաստանում: Բացառված չէ, որ հենց Երեւանում էլ համաձայնություն կայացվի եւ որոշում ընդունվի միջազգային նոր լիգա ստեղծելու մասին: Առաջնահերթ խնդիրներից մեկը ֆինանսական միջոցների հայթայթումն է: Դրա համար անհրաժեշտ է այս ծրագրում ընդգրկել հովանավորների: Ռուսաստանի ներկայացուցիչն այս հարցում անհանգստանալու առիթ չի տեսել, նշելով, որ մեծ թվով գործարարներ իրենց երկրում պատրաստ կլինեն հանուն գովազդի աջակցելու նոր ձեռնարկին: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան պարտավորվել է մինչեւ աշնանային խորհրդակցությունը պատրաստել հանդբոլի նոր լիգայի տարբերանշանների եւ դրոշի նախագծերը:

Ընթերցողների մոտ բնական հարց կծագի. Հայաստանում կա՞ն հանդբոլի ուժեղ թիմեր, որոնք ընդունակ լինեն մրցել միջազգային լիգայում ընդգրկվելիք ակումբների հետ: Սարգիս Գրիգորյանը խորհրդակցությունում հարց է բարձրացրել, որպեսզի թիմերում խաղացողների ընդգրկման հարցում չլինեն սահմանափակումներ: Այդ դեպքում հայաստանյան թիմերը կարող են համալրել Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում բնակվող մեծ թվով բարձրակարգ հայ հանդբոլիստներ: Ճիշտ է, այդ սկզբունքին դեմ է արտահայտվել Բելառուսի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը, դժգոհելով, որ իրենց երկրի հանդբոլիստները օգտվելով երկքաղաքացիությունից, հանդես են գալիս ռուսական հարուստ ակումբներում: Ամեն դեպքում, միջազգային նոր լիգայի ստեղծումը կնպաստի մարզաձեւի զարգացմանը Հայաստանում:

 

«Ազգ»    7.07.11

Tuesday the 24th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am