Մամուլը մեր մասին

Առանց լուրջ ֆինանսավորման ոչինչ չի ստացվի

 

Պահպանել հանդբոլը, ընդլայնել մարզաձեւի աշխարհագրությունը Հայաստանում եւ նպաստել որակյալ հերթափոխի կայացմանը։ Մրցաշրջանի արդյունքներն ամփոփելիս որպես առաջիկա տարիների ուղենիշ հիմնականում այս առաջնահերթությունները մատնանշեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը, բռնվելով բաց երկխոսության, ամենեւին էլ չշրջանցեց նաեւ սուր անկյունները։
 
   Գնահատելով 2010-ին իր ղեկավարած կառույցի աշխատանքը, բանախոսը նշեց, որ ֆեդերացիայի ջանքերով իրականացված միջոցառումները գերիշխում են պետբյուջեի միջոցներով կյանքի կոչվածների նկատմամբ։ ,Մեր ծրագրերը հաճախ ուղղակիորեն կախված են ֆինանսական հնարավորություններից։ Այդ առումով ուրախ ենք, որ այս տարվա համար ծրագրվածը ամբողջությամբ կատարեցինք։ Անցկացրինք տարբեր տարիքային խմբերի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնություններ, որոնք աչքի ընկան իրապես թեժ պայքարով։ Իսկ ահա մեծահասակների առաջնություն կազմակերպելուց ձեռնպահ մնացինք, որովհետեւ 3-4 թիմի առկայության պարագայում դա պարզապես անիմաստ է, չի ծառայի նպատակին։ Մինչդեռ պատանեկան ստուգատեսները, որոնք ավելի քան 20 թիմ հավաքեցին, առաջին անգամ ընթացան եռաստիճան մրցակարգով։ Եզրափակիչ փուլում հաղթողի կոչումը վիճարկեցին Երեւանի, Վանաձորի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Արցախի թիմերըե,- ամփոփեց ֆեդերացիայի նախագահը, ափսոսանքով նշելով, որ մրցակցությունից զերծ մնացին Գյումրիի կոլեկտիվները։


   Հայաստանի երկրորդ քաղաքում կուտակված խնդիրների կծիկը միակն է, որ այս տարի չի հասցրել հարթել ֆեդերացիան։ Ս.Գրիգորյանի խոսքերով, Գյումրիում հին մարզիչները շահագրգռված չեն աշխատել, ուստի չի բացառվում, որ ֆեդերացիան Երեւանից մասնագետներ գործուղելով, փորձի այդ քաղաքը վերադարձնել հանդբոլի ուղեծիր։ ,Այնտեղ թարմության, նոր մոտեցումների անհրաժեշտություն է հասունացել։ Որքան հասկանում եմ, Գյումրիի քաղաքապետարանը չի ուզում զբաղվել խաղային մարզաձեւերի խնդիրներով, այդ պատճառով էլ մարզադպրոցներն էլ առաջնահերթություն չեն տալիս դրանց։ Շիրակի մարզպետի հետ պայմանավորվել ենք հանդիպել եւ քննարկել հանդբոլի վերականգնման ծրագիր իրականացնելու հնարավորությունըե,- հայտնեց մեր զրուցակիցը։
   Ս.Գրիգորյանը պատմեց նաեւ, որ ֆեդերացիան տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում մանկապատանեկան հանդբոլը աշխուժացնելու, զարգացման ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ։ Մեկնակետ են ընտրվել հատկապես հանրակրթական դպրոցները, որոնց համար միաժամանակ երկու համանման ծրագիր է գործում։ ,Սմարթըե իրականացվում է հանդբոլի եվրոպական ֆեդերացիայի աջակցությամբ, ներառելով տարբեր մարզերի 12 հանրակրթական դպրոցներ։ Ուսուցիչներին հատկացվում են գնդակներ եւ ամսական 50-ական եվրո։ Այդ ծրագրով գործում է աղջիկների եւ տղաների 6□ական թիմ։ ,Նախագահի Սմարթըե նույնանման պայմաններով իրականացնում է արդեն անձամբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը։ ,Անցած հինգ տարիներին արդեն 1800 գնդակ ենք բաժանել։ Այս ծրագրերը անչափ արդյունավետ են, իսկ կարեւորը՝ ինքնանպատակ չեն։ Պետք է ձգտենք, որ հանդբոլին կապված այս շուրջ 500 երեխաների գոնե կեսը շարունակի զբաղվել մարզաձեւովե,- մանրամասնեց Ս.Գրիգորյանը։
   Ֆեդերացիան, կարեւորելով մեր թիմերի մասնակցությունը միջազգային խաղերին եւ մրցաշարերին, այնուհանդերձ դա պակաս առաջնային է համարում, քան որակյալ հերթափոխ պատրաստելը։ Ասենք, որ այդ երկու գործոնները փոխկապակցված են, քանզի միայն սեփական կաթսայում եփվելով շատ հեռու չես գնա։ Ըստ այդմ, 2010-ին Հայաստանի մինչեւ 18 տարեկանների տղաների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին, մրցելով անչափ ուժեղ հակառակորդների հետ։ ,Կարեւորն այն է, որ ջախջախիչ հաշվով չենք պարտվել, կարողացել ենք դիմադրել, խաղալ, նույնիսկ հաղթելե,- նշեց Ս.Գրիգորյանը։ Իսկ զարգացող երկրների Եվրոպայի առաջնության համարում ունեցող ,Չելենջ տրոֆիե մրցաշարում աչքի են ընկել արդեն մեր մարզուհիները։
   Այս տարի նաեւ առաջին անգամ միջազգային մրցաշար անցկացվեց Հայաստանում։ Վանաձորում ՀՀ վարչապետի գավաթը տանտերերից բացի վիճարկեցին Բելառուսի, Վրաստանի եւ Իրանի հավաքականները։ Ֆրանսահայերով ուժեղացված մեր տղամարդկանց ընտրանին, տանելով երկու հաղթանակ, գրավեց 2-րդ տեղը։
   ՀՀՖ ղեկավարը հիշեցրեց, որ տարբեր երկրների հայ հանդբոլիստների հետ կապեր հաստատելուն նպաստում է Մարսելում հիմնված ,Աջակցություն Հայաստանի հանդբոլինե կազմակերպությունը։ Ս.Գրիգորյանը հուսով է, որ հետագայում սփյուռքահայ լավագույն պատանիների եւ աղջիկների մի մասը կհամալրի Հայաստանի ազգային հավաքականները։
   Խոսելով 2011թ. ծրագրերից, բանախոսը նշեց, որ Հայաստանի առաջնությունները անցկացվելու են նոր ձեւաչափով։ Դրանց մասնակցելու են տարբեր մարզերի հավաքականները, որոնք պետք է ձեւավորվեն ներմարզային մրցակցության արդյունքներով։ Ֆեդերացիան ջանալու է նաեւ առնվազն պահպանել մարզումների նույն ծավալը, որը այս տարի նախատեսվածից էլ շատ է եղել։ Պաշտոնական մրցաշարերից առաջ մեր թիմերը վերստին ստուգողական հանդիպումներ եւ մարզումներ են անցկացնելու Վրաստանում։ Աղջիկների հավաքականը մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին, իսկ տղաներինը` ,Չելենջ տրոֆիե մրցաշարին, որը Ս.Գրիգորյանը ցանկանում է տեսնել Հայաստանում։
   Մեր այն հարցին, թե տեսանելի ապագայում հայրենի հանդբոլը կհասնի՞ միջազգային ասպարեզում լուրջ մրցունակության մակարդակի, Ս.Գրիգորյանը պատասխանեց. ,Դա տեղի կունենա, երբ մեր ֆեդերացիայի տարեկան բյուջեն 1 մլն դոլար կազմի։ Այս տարի 18 մլն դրամ էր, որը աջակցության կարգով հասավ 37 միլիոնի։ Մեծ սպորտը խոշոր ներդրումներ է պահանջում։ Որպեսզի Հայաստանի հավաքականը հասնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, տարիներ շարունակ խոշորածավալ ներդրումներ պետք է կատարվի հանդբոլում՝ ստեղծվեն պրոֆեսիոնալ ակումբներ, որոնք կանոնավոր կմարզվեն եւ առաջնություն կանցկացնեն։ Միայն մեր ֆեդերացիայի ջանքերից վեր է նման լուրջ խնդիրներ լուծելը։ Այսօրվա հնարավորություններից ելնելով, ընդամենը կարող ենք պահել մարզաձեւը Հայաստանում եւ անել այնպես, որ այն սիրեն, նրանով զբաղվենե։
   Ֆեդերացիայի նախագահը ցավով նկատեց, որ հայ գործարարները սպորտում փող չեն սիրում ներդնել։ ,Աջակցում են միայն այն մարզաձեւերին, որոնցից հնարավոր է արագ արդյունք ակնկալել։ Դրանով իրենց փառաբանում են, ուրիշ ոչինչ չեն անումե,- հայտարարեց նա, շարունակելով. ,Երկարատեւ ներդրումներ անելու համար պետք է սիրել սպորտը։ Հայ գործարարը երկարատեւ ներդրման գնացող չի, այլապես գոնե լավ գինի կունենայինք, որը պատրաստելը տասնամյակների հմտություն եւ համբերություն է պահանջումե։
   Ս.Գրիգորյանի համոզմամբ, սպորտում միայն պետական աջակցությանը ապավինելը ճիշտ չէ։ Միաժամանակ նա համարում է, որ պետբյուջեով, օրինակ, մարզադպրոցներին հատկացված ֆինանսավորումը արդյունավետ չի օգտագործվում։ Հաճախ մարզադպրոցները ուռճացնում են սաների քանակը։ ,Կամ էլ, այլ օրինակ։ Մեզ մոտ, մինչ օրս գործուղման մեկնած մարզիկի օրապահիկը հաշվարկվում է խորհրդային չափանիշներով։ Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ է մարզիկը 2 հազար դրամով մնալ հյուրանոցում եւ սնվել։ Հարցին պետք է ճիշտ մոտենալ։ Կամ ինչո՞ւ սուտ թվեր ներկայացնել ֆիզկուլտուրնիկների քանակի վերաբերյալ։ Ցույց տվեք այնքան, որքան ունեք, պահանջեք այնքան գումար, որքան անհրաժեշտ է, կտան այնքան, որքան հնարավորություն ունեն։ Մենք էլ կասենք, որ դրա սահմաններում այսքանը կարող ենք անել։ Առանց լուրջ ֆինանսավորման մեծ սպորտ երբեք չենք ունենաե,- եզրափակեց ֆեդերացիայի նախագահը։

 

Հրայր Նազարյան

 

,Հայոց աշխարհե, 17 դեկտեմբերի, 2010

Tuesday the 15th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am