Lողափնյա հանդբոլ

Այս մարզաձևը 1990-ականերին արմատավորվել է Իտալիայում: Սկզբում այն որպես շոու է ցուցադրվել: Իսկ 1995-ից լողափնյա հանդբոլն արդեն սկսել է ինքնուրույն գոյատևել: Ներկայումս այն տարածված է ավելի քան չորս տասնյակ երկրներում:Ժամանակի ընթացքում մշակվել են խաղի կանոնները: Ընդ որում, դրանք էականորեն տարբերվում են այն կանոններից, որոնք ընդունելի են այս մարզաձևի դասական տարատեսակում:

 

Անկասկած, լողափնյա հանդբոլը գրավիչ և դիտարժան մարզաձև է, գլխավորը` այն առողջարարական նշանակություն ունի: Բանն այն է, որ այս մարզաձևի մրցումները կազմակերպվում են մաքուր օդում և անպայման ջրավազանի կամ ջրային գոտու հարևանությամբ: Հետաքրքիրն այն է, որ լողափնյա հանդբոլն արմատավորվել և մեծ մասսայականություն է վայելում նաև այնպիսի երկրներում, որոնցում դասական հանդբոլը զարգացած է, օրինակ` Իտալիայում, Հունաստանում, Հոլանդիայում և այլուր:

Լողափնյա հանդբոլը տարբերվում է դասականից: Մրցումներն անցկացվում են 27x12 մ չափսի մարզահրապարակում, որը պետք է ծածկված լինի առնվազն 40 սմ-ոց ավազե շերտով: Բուն խաղային տարածքը 15x12 մ չափսի է, որից դուրս կա նաև անվտանգության գոտի: Նշագծումների համար օգտագործվում է 8 սմ-ից ոչ ավելի լայնքով ժապավեն: Դարպասներն ունեն 3 մ լայնություն և 2 մ բարձրություն: Հանդբոլիստները խաղում են մինչև 370 գ, հանդբոլիստուհիները` մինչև 300 գ ծանրություն ունեցող գնդակներով: Ամեն թիմի կազմում 8 խաղացող է: Խաղահրապարակում պետք է լինեն մեկ դարպասապահ և երեք այլ մարզիկներ, մյուսները պահեստայիններ են: Թիմում երկու դարպասապահ կա, որոնց հանդերձանքը տարբերվում է մյուս խաղացողների մարզահագուստից: Ընդ որում, 6 մ-ոց տուգանային հարվածի իրացման ժամանակ խաղացողների, նաև դարպասապահի խփած գնդակը հաշվվում է 2 միավոր: Խաղացողները պետք է ոտաբոբիկ լինեն, առանց մարզակոշիկի, սակայն թույլատրվում է գուլպաներ հագնել, նաև անվտանգության նկատառումով ոտքերի մի հատվածին բինտ փաթաթել:

Խաղափուլում տարած հաղթանակը գնահատվում է մեկ միավոր: Եթե մեկ թիմը երկու կեսում էլ հաղթել է, ապա գրանցվում է 2:0 հաշիվը: Իսկ եթե մրցող կողմերին մեկական անգամ է ժպտացել հաջողությունը, ապա արձանագրվում է ոչ-ոքի` 1:1: Ամեն խաղափուլը 10 րոպե է, ընդմիջումը` 5 րոպե: Յուրաքանչյուր խաղափուլում, ինչպես նաև, երբ հաղթողին որոշելու համար կիրառվում է «ոսկե գոլի» կանոնը, մրցավարի կողմից գնդակի վիճաբանական նետում է իրականացվում: Հավասար արդյունքի դեպքում թիմերի 5-ական խաղացողներ իրացնում են 6 մ-ոց տուգանային նետումներ: Դրանք շարունակվում են այնքան, մինչև կողմերից մեկն առավելություն է ստանում:

Չի կարելի ասել, թե մերոնց համար այս մարզաձևն անծանոթ է: 2010-ին Հայաստանում կազմակերպվել էր լողափնյա հանդբոլի սեմինար: Իսկ 2011-ին Հայաստանի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը Վրաստանում ուսումնամարզական հավաք է անցկացրել, մասնակցել միջազգային երկու մրցաշարի:

Այժմ էլ լողափնյա հանդբոլի Հայաստանի ներկայացուցիչները նախապատրաստվում են իրենց նորամուտը նշել Եվրոպայի խոշորամասշտաբ ստուգատեսում: Հայաստանի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը մասնակցելու է2012-ի հուլիսի 7-8-ը Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մերոնք ընդգրկվել են B խմբում և առաջին օրը մրցելու են Շվեյցարիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Իսկ A խմբում են Հունգարիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Հաջորդ օրը միմյանց հետ մրցելու են երկու խմբերի թիմերը: A խմբում առաջին տեղը գրավողը խաղալու է B խմբում վերջինը ճանաչված թիմի հետ, A խմբում 2-րդ տեղը գրավողը` B խմբում 3-րդը ճանաչվողի հետ, և այսպես շարունակ: Ապա միմյանց հետ երկու տուրում ուժերն են չափելու հաղթողները և պարտվողները: Ի վերջո, հայտնի կդառնան առաջնության մրցանակակիրները և անհաջողակները:

Լողափնյա մարզաձևերն աստիճանաբար տարածում են գտնում աշխարհում, նաև մեր երկում: Եվ ուշագրավն այն է, որ թեև Հայաստանի լողափնյա մարզաձևերի ներկայացուցիչները նախկինում մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել, առաջին անգամ է, որ հանդես են գալու հին աշխարհամասի առաջնությունում: Եվ այդ փորձությանը ենթարկվելու է լողափնյա հանդբոլիստուհիների Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Sunday the 22nd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am