Հանդբոլի Զարգացումը Հայաստանում |
Հայաստանում հանդբոլի մրցումներ անցկացվել են 1922-29-ին, սակայն այս մարզաձևն այդպես էլ չի արմատավորվել: Մեր երկրում հանդբոլի հիմնադիրը համարվում է Մուշեղ Մամիկոնյանը: Նա 1920-ից աշխատել է Հայաստանի մարզական տարբեր կառույցներում, գլխավորել է ՀՀ լուսավորության նախարարության ռազմամարզական վարչությունը, իսկ 1948-ին, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ավարտելուց հետո, Մ. Մամիկոնյանը գործի է անցել այդ բուհում, ղեկավարել մարզական խաղերի ամբիոնը: 1956-ից սկսած մեր երկրում կրկին հանդբոլի առաջնություններ են կազմակերպվել: Իսկ 1957-ից Հայաստանի ներկայցուցիչները պարբերաբար մասնակցել են ԽՍՀՄ առաջնությունների, համամիութենական սպարտակիադաների, տարբեր ստուգատեսների: Մ. Մամիկոնյանի գլխավորությամբ 1957-ին Հայաստանի հանդբոլիստներն առաջին անգամ դրսում` Վորոնեժում, մասնակցեցին հանդբոլի մրցաշարի: Այն ժամանակ թիմերը խաղում էին 11-ական մարզիկով: Մեր թիմի կազմում հիմնականում ընդգրկվել էին բասկետբոլիստներ: 1958-ին Հայաստանի ներկայացուցիչները հանդես եկան Օդեսայում, 1959-ին Բաքվում կազմակերպված համամիութենական ստուգատեսներում: Իսկ 1960-ին առաջին անգամ Երևանում անցկացվեց հանդբոլի ԽՍՀՄ առաջնության փնջային մրցաշար: Հայաստանի ներկայացուցիչներն այնուհետև իրենց կարողություններն են փորձել միջազգային, ԽՍՀՄ տարբեր ստուգատեսներում, սակայն առանձնակի հաջողությունների չեն հասել: Թերևս , կարելի է առանձնացնել, որ 1962-ին ՈՒկրաինայի Ստանիսլավ քաղաքում կազմակերպված §Սպարտակ¦ համամիութենական մարզընկերության կենտրոնական խորհրդի առաջնությունում Հայաստանի §Սպարտակ¦ ԿՄԸ հավաքականը զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: 1968-ին մեր երկրում` Երևանի §Դինամո¦ մարզասրահում,անցկացվել է հանդբոլիստների միջազգային մրցաշար, որին մասնակցել է նաև Հայաստանի ընտրանին: Միայն 2009-ին` 21 տարի անց, կրկին նույն մարզասրահում կայացավ հանդբոլիստների միջազգային ստուգատես: Անկախացումից հետո հանդբոլը Հայաստանում լուրջ հիմնախնդիրների է հանդիպել: Խանգարել է ֆինանսների սակավությունը, մարզաբազաների պակասը: Գործնականում Հայաստանում ներկայումս չկա միջազգային չափանիշներին համապատասխանող` 46x26մ չափի մարզարահ, որում հնարավոր լինի միջազգային ստուգատեսներ կազմակերպել: Դահլիճների բացակայության պատճառով, դժվարությունների են հանդիպում ոչ միայն հանդբոլ պարապող տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները, այլև մեր երկրի հավաքական թիմերի մարզիկները: Վերջին տարիներին` 2003-ից հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան գլխավորում է Սարգիս Գրիգորյանը: Նա նախկինում եղել է հանդբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահը և քաջածանոթ է այն հիմնախնդիրներին, որոնք խոչընդոտում են մեր երկրում հանդբոլի զարգացմանը: Ս. Գրիգորյանը նախկինում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, իսկ այժմ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետն է: Նրա գլխավորությամբ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան նպատակային քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մեր երկրի ներկայացուցիչները սկսել են կանոնավոր մասնակցել §Չելենջ տրոֆի¦ ստուգատեսին, եվրոպական միջազգային տարբեր մրցաշարերի: Հանդբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաներն էլ, գնահատելով Հայաստանում կատարվող աշխատանքները, փորձում են ամեն կերպ աջակցել: Օգնություն է իրականացվում տարբեր ծրագրերով, մարզագույք է տրամադրվում, մեր մասնագետները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային սեմինարների, բարելավել իրենց որակավորման մակարդակը և այլն: Հանդբոլով Հայաստանում այժմ 2000 մարդ է կանոնավոր զբաղվում: Այսուհանդերձ, զգացվում է բարձրակարգ խաղացողների պակաս: Այդ է պատճառը, որ ներկայումս շեշտը հիմնականում դրվել է մանկապատանեկան հանդբոլը Հայաստանում զարգացնելու վրա: Աշխատանքներն աշխուժացնելու նպատակով հանդբոլի ֆեդերացիաներ են ստեղծվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Գեղարքունիքում, Արցախում: Առաջիկայում նախատեսվում է այդպիսի կազմակերպություններ հիմնել Սյունիքում և Արմավիրում: Իսկ 2011-ին արդեն հանդբոլի ֆեդերացիաներ կգործեն Հայաստանի բոլոր մարզերում և դրանցում կանցկացվեն հանդբոլի ներքին առաջնություններ: Այդ ստուգատեսների ավարտից հետո ամեն մարզ իր հավաքականով կներկայանա մասնակցելու Հայաստանի առաջնությանը, իսկ Երևանից հանդես կգա 2 թիմ: Ինչպես 2009-ին, այնպես էլ 2010-ին հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով ստանալու է 18 մլն դրամ: Մասնավորապես, 2009-ին այս մարզաձևի ներկայացուցիչները 22 միջացառման են մանակցել: Իսկ այդ ամենի համար պահանջվել էր 42 մլն դրամ, այսինքն տրամադրվածից շատ ավելի է ծախսվել: Այնպես որ, հայկական հանդբոլի զարգացման համար ներդրումերի կատարումը մնում է օրակարգային: 2010-ին մեր այս մարզաձևի ներկայացուցիչներին լուրջ փորձություններ են սպասում: Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը մարտին Իսրայելում հանդես է գալու §Չելենջ տրոֆի¦ մրցաշարում, իսկ մինչև 18 տարեկան հանդբոլիստների մեր ընտրանին մայիսին Սերբիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնության փնջային մրցաշարի: Որպեսզի մերոնք պատվով դուրս գան այդ փորձություններից, աշխատանքներ են կատարվում, որ Հայաստանի հավաքական թիմերի կազմերն ուժեղացնեն Ֆրանսիայից հրավիրված` մեր հայրենակից մի շարք բարձրակարգ հանդբոլիստուհիներ և հանդբոլիստներ: |